Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջ ներկայումս առկա են երկու հրամայական՝ լուծել Ադրբեջանի սանձազերծած մասշտաբային գրոհին արձագանքելու օպերատիվ խնդիրները՝ ներառյալ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, և միաժամանակ զբաղվել հեռանկարային, առնվազն միջնաժամկետ խնդիրներով նույն ուղղությամբ՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և արդեն ներառյալ նաև՝ տնտեսական:
Արդեն մի քանի օր է՝ ընթանում են ծանր ու թեժ մարտեր, իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է գտնվել առավելապես անորոշության ծիրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով: Հայկական զինուժը հստակորեն կատարում է պաշտպանության և հակահարվածի իր խնդիրներն ու առաքելությունը, սակայն ակնհայտ է, որ թե՛ ռազմական գործողությունների տևականության, թե՛ դադարելու դեպքում իրավիճակը առաջիկա օրերին բերելու է լիովին նոր իրողություններ, մարտահրավերներ և պահանջներ, որոնց պետք է պատրաստվել արդեն այսօր:
Լիովին հասկանալի է, որ ընթացող մարտական գործողությունները պարտադրում են որոշակի զգայական ֆոն, ոգևորություն հայկական զինուժի հաջող հարվածներով, սակայն անկասկած է, որ առկա իրավիճակում խոսել արագ հաղթանակի կամ ամբողջական հաղթանակի մասին՝ կլինի քիչ իրատեսական: Ակնհայտ է, որ Ադրբեջանը սկսել է ոչ միայն առավել մեծ մասշտաբի ռազմական սադրանք, որը կազմում է վերջին տարիների իր ռազմատենչ քաղաքականության շարքի հերթական օղակը, այլև կամա, թե ակամա՝ ստեղծել է տարածաշրջանային լիովին նոր ռազմաքաղաքական իրավիճակ, գիծ է քաշել ապրիլի 1-ից առաջ և հետո: Ձևավորվել է լայն դիմակայության նոր իրավիճակ, որում արդեն ռազմականի մասին կարող ենք խոսել լոկ իբրև բաղադրիչ, որը ներկայումս գերակտիվ է, որոշ ժամանակ անց կարող է նվազել, լիովին չեզոքանալ կամ ակտիվանալ կրկին, սակայն լինել լոկ բաղադրիչ:
Նոր իրավիճակում կողմերից պահանջվելու է ուժերի, ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա, օպտիմիզացիա՝ թե՛ ռազմական, թե՛ վերը թվարկված բոլոր այլ իմաստներով: Դա նշանակում է նոր որակ:
Ադրբեջանի սանձարձակության նոր ալիքի առանցքային նպատակներից մեկը Բաքվի վերջին շրջանում կուտակած քանակական առավելությունը որևէ կարգի, որևէ տարբերակի դիրքային առավելության վերածելն էր, որևէ հանգուցալուծման բերելը: Պատահական չէ, որ Ալիևը գնում է դրան այն ժամանակ, երբ սոցիալ-տնտեսական վիճակը էապես նվազեցնում է քանակական առավելությունը զարգացնելու և ավելի ծավալելու Ադրբեջանի հնարավորությունը: Ադրբեջանը կորցնում է նավթի գնանկման արդյունքում, հեռանկարները հուսադրող չեն, անկախ Ալիևի կամքից՝ քանակական առավելության գեներացիան մոտենում է ավարտին:
Ավելին՝ առաջանում են խնդիրներ պահուստների հետ կապված, այսինքն՝ ընդհանուր վեկտորն Ադրբեջանի համար գնում է կամ առնվազն թեքվում դեպի անկում: Դրան գումարվում է նաև միջազգային քաղաքական անբարենպաստ ու անբարյացակամ վերաբերմունքը: Ադրբեջանի երկու գործընկերներն էլ պետություններ են, որոնք գտնվում են նույն անբարյացակամության «թիրախում»՝ Մոսկվա և Անկարա, որոնք հայտնվել են տարբեր աստիճանի մեկուսացման մեջ:
Այս պայմաններում Ալիևի համար կարծես թե առաջացել էր «հեղափոխական լենինյան» վիճակ, երբ «երեկ շուտ էր, իսկ վաղն ուշ կլինի»: Ալիևը գնում է իր կուտակած քանակական առավելությունը դիրքայինի վերածելու, այսինքն՝ դրա ՕԳԳ ձևավորելու քայլին և անցնում լայնածավալ գրոհի: Դա բխում է նաև Ադրբեջանի երկու «գործընկերների»՝ Մոսկվայի և Անկարայի շահերից, քանի որ նրանց համար էլ վաղը արդեն կարող է ուշ լինել:
Այսինքն՝ սկսում են, քանի կարող են թեկուզ որևէ չափով շարունակել՝ շարունակել կա՛մ ռազմական և քաղաքական, կա՛մ եթե ոչ՝ ռազմական, ապա դրա արդյունքում քաղաքական տեսանկյունից:
Ահա թե ինչու Հայաստանին թելադրվածը ըստ էության օպերատիվ-տակտիկական իմաստով պատերազմ է, որին պետք է դիմագրավել այժմ, հիմա և այստեղ սկզբունքով, մյուս կողմից նաև՝ քանակական պատերազմ է, որտեղ Ադրբեջանը փորձում է օգտագործել իր առավելությունը, և որին հայկական կողմը կարող է հակադրել միայն որակական գործողություններ պետական կենսագործունեության բոլոր ուղղություններով՝ ներառյալ ներքին խնդիրներն ու արտաքին հարաբերությունները:
Այդ իմաստով՝ եթե խոսքը չլիներ հայկական կողմից թե զինուժի, թե քաղաքացիական բնակչության շրջանում ողբերգական, ցավագին կորուստների մասին, ապա տեղին կլիներ Ադրբեջանի քայլում նկատել Հայաստանին մատուցված «արջի ծառայությունը»:
Բանն այն է, որ զուտ օպերատիվ-տակտիկական խնդրին արձագանքի առումով հայկական զինուժի ցուցաբերած լիարժեք պատրաստականությանն ու բարձր մարտունակությանը զուգահեռ՝ ընդհանուր համատեքստում ակնհայտ դարձավ այն ճգնաժամային իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի պետական քաղաքականությունը արդյունքի տեսանկյունից: Եվ դա, իհարկե, ենթակա չէ ներքին ու արտաքին բաժանման, քանի որ վերջին հաշվով ակնհայտ իրողություն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք չի դարձել ներքաղաքական լուրջ դիսկուրսի առարկա, հետևաբար այստեղ կա ընդհանուր ճգնաժամի մասին վկայող պատճառահետևանքային կապ:
Խնդիրն այն է, որ ստեղծվել է մի վիճակ, երբ ակնհայտ է դարձել, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից և անվտանգության գործընկեր կամ երաշխավոր համարվող պետությունը ըստ էության ավելի շատ գտնվում և գտնվել է ադրբեջանական գործողությունների աջակցի և միաժամանակ շահառուի դերում, քան դե յուրե դաշնակցի: Իսկ այդ հանգամանքը պետական քաղաքականության ճգնաժամի լրջագույն ինդիկատոր է, քանի որ անվտանգության դաշնակցի ընտրության հարցը այդ քաղաքականության որակի, համարժեքության և ընդհանրապես կարգի չափազանց նուրբ ցուցիչ է, որից բխում են արդեն տասնյակ կամ էֆեկտներ, կամ մետաստազներ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք մետաստազների հետ, որոնցից մեկն էլ Ադրբեջանի գործողություններն են:
Ըստ այդմ, Հայաստանի համար միջնաժամկետ և երկարաժամկետ մակարդակում էական մարտահրավեր է դաշնակցային խնդրի խորքային վերանայումը, որը պետք է լինի ոչ թե լոկ որևէ ընտրության համատեքստում, այսինքն՝ նախկինում ընտրել էինք սա, հիմա պետք է այլ բան ընտրենք (դա չափաանց պարզունակ և ոչինչ չլուծող մոտեցում է), այլ խորքային, արժեհամակարգային, գաղափարական հենքի վրա: Այսինքն՝ խոսքը ցանկացած պետականության համար կարևորագույն հանդիսացող դաշնակցային ընտրության որակական վերբեռնման կամ վերակառուցման մասին է, ինչը անխուսափելիորեն ենթադրում է ընդհանրապես աշխարհայացքային, պետականության կենսափիլիսոփայական, քաղաքակրթական հիմքի վերանայում:
Հայաստանն ուներ անկախության 25 տարիներին դրանով զբաղվելու գործնականում բոլոր նախադրյալները՝ ներառյալ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը: Սակայն այդ խնդիրը մնացել է չլուծված և տարեցտարի նույնիսկ սկսել է աղավաղվել տարբեր գործոնների հետևանքով: Հայաստանն առանց այդ խնդիրը լուծելու չի կարող երկարաժամկետ լուծում ապահովել իր անվտանգության խնդիրներին և պարբերաբար ենթարկվելու է ցիկլային ազդեցության:
Հետևաբար ներկայումս օպերատիվ-տակտիկական խնդիրների լուծման զինված ուժերի արդյունավետ գործողությունները պետք է հանդիսանան երկարաժամկետ վերը բերված խնդիրների լուծման նախադրյալ և ոչ երբեք այդ խնդիրներից հերթական անգամ խուսափելու պաթետիկ քող: Հայաստանի գերխնդիրը պետք է լինի չեզոքացնել, ոչ թե «անզգայացնել» անվտանգության ռիսկերն ու սպառնալիքները:









































