«Այս պահին գնում ենք հակառակորդին խաղաղությունը պարտադրելու և գնում ենք ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչելու. մեր նպատակը դա է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Առաջին լրատվականի հարցին, թե Հայաստանը գնում է ԼՂՀ անկախությունը ճանաչելո՞ւ:
«Մեր նպատակը երբեք չի եղել միակողմանի ճանաչում, մեր նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից՝ միջազգային նորմերին համապատասխան, Մինսկի խմբի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հստակ նշել է, որ իրենց նպատակն է Արցախի միջազգային ճանաչման հասնել: «ՀՀ-ն՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, անելու է ամեն ինչ, որ Արցախի ժողովուրդն ապրի անվտանգ և ազատ ու անկախ երկրում»:
Հարցին, թե ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի, արձագանքը ինչքանով է բավարար համարում, Շարմազանովը նշեց, որ խմբակցությունների հետ ընդհանուր հայտարարությամբ նշել են, որ հայկական կողմին չեն բավարարում հավասարեցման նշան դրվող գնահատականները՝ անկախ նրանից, թե ով է տալիս:
«Մեր վեց խմբակցությունների հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ի վերջո, պետք է դահիճն անվանվի դահիճ, հանցագործն ուղիղ անվանվի հանցագործ: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին բաց հրապարակային ասել է, որ իրենք են սկսել, և Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե ով է սկսել, և այդ երկրները գոնե ունեն բազում տեխնիկական հնարավորություններ՝ պարզելու, թե ով է ագրեսիայի և ահաբեկչության հիմնադիրը, ով է լարում իրավիճակը: ԵՎ հավասարության նշան դրվող որևէ հայտարարություն՝ անկախ դա Լոս Անջելեսից է, Սան Ֆրանցիսկոյից, Մոսկվայից, Փարիզից, թե Վիեննայից, բնականաբար չի կարող օժանդակել այս կարգավորմանը»,- ասաց նա:
Է. Շարմազանովը նշեց, որ առաջնային ակնկալիքը, որ ԼՂՀ պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին, մնացածն արդեն մեր դիվանագետները կիրականացնեն:
Նա հիացմունք արտահայտեց այն առթիվ, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունեն: «Այսօր չկա իշխանություն և ընդդիմություն: Մեր պայմանավորվածությամբ որոշել ենք այս քառօրյայում լինել ավելի զուսպ: Ինձ համար այսօր երկրորդական է, ով որ կուսակցության անդամ է, բոլորս հայ ենք»,- ասաց Է. Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































