Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց Զինաիդա Սիմոնյանի անվան 5-րդ հուշամրցաշարը: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի առաջին անգամ մասնակցում էր Վրաստանը ներկայացնող թիմը:
Տղաների օդամղիչ հրացան վարժությունում առաջին տեղում Վրեժ Թորոսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Հայկ Բաբայանը և Հրաչիկ Բաբայանը: Աղջիկների պայքարում եռյակում հայտնվեցին Ալլա Պողոսյանը, Մարիամ Միքայելյանը և Սվետլանա Տիգրանյանը:
Օդամղիչ ատրճանակ մրցաձևում առաջին տեղում վրացի Ցոտնե Մաչավարիանին է, այնուհետ Ակակի Մոսուշվիլին և եռյակի վերջում Նորայր Առաքելյանն է: Աղջիկների պայքարում լավագույն արդյունք գրանցեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Նինո Սալուկվաձեն: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Էլմիրա Կարապետյանը և Գոհար Դանիելյանը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում ամենաբարձր միավորները հավաքեց Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդեցին Հովհաննես Խաչատրյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարի եռյակում հայտնվեցին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Լաուրա Ավետիսյանը:
Ընդհանուր առմամբ խաղարկվեց 24 մեդալ, իսկ մրցաշարին մասնակցում էին 85 մարզիկներ:
Զինաիդա Սիմոնյանն աշխարհի քառակի, Եվրոպայի, Խորհրդային Միության և Հայաստանի բազմակի չեմպիոն է` 50-ից ավելի ռեկորդների հեղինակ:









































