Բելգիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրենքի նախագծին, որը ներգաղթյալներին պարտավորեցնում է երկրի իրավունքների, պարտականությունների և ազատությունների հարգման պարտավորություններ ստանձնել: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Միգրացիայի հարցերով պետքարտուղարի կողմից առաջարկված օրինագծի համաձայն՝ ԵՄ երկրների քաղաքացիներ չհանդիսացող օտարերկրացիները, որոնք առաջին անգամ են Բելգիա ժամանում երեք ամսից ավելի ժամկետով, պետք է 30 օրվա ընթացքում ստորագրեն այդ պարտավորագրերը: Դրա համար նրանց հայտարարագիր կհանձնեն իրենց երկրի լեզվով: Պոտենցիալ ներգաղթյալը պետք է հայտարարի բելգիական հասարակությանն ինտեգրվելու իր մտադրության մասին, ուսումնասիրի այն տարածաշրջանի լեզուն, որտեղ նա հիմնավորվում է, և աշխատանք փնտրի:
Այդ պարտավորություններն ստանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրացուն կարող են կեցության իրավունք չտալ, իսկ եթե փաստաթուղթն արդեն տրվել է, ապա այն կարող են չեղյալ հայտարարել։











































