ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Հայաստանի պոլիկլինիկաներում խորհուրդ է տրվում օգտագործել երկու տեսակի մանկական կերեր, որոնք ներմուծվում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության կողմից և «Քեթրին» ընկերության կողմից, Արմեն Մուրադյանն ասաց, որ որևիցե բրենդային խնդիր չի ցանկանում մեկնաբանել:
«Այսօրվա կառավարության որոշումով՝ սննդի բոլոր հնարավոր տեսակները, փոխարինիչները և համապատասխանաբար դրանց վերաբերյալ ուսուցողական և լրատվական բոլոր նյութերը կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի որևիցե տեսակի ոչ մասնագիտական պարզաբանումներ»,- ասաց նա:
Նա նշեց, որ կոնկրետ ընկերությունների վերաբերյալ հավելյալ պարզաբանումների համար պետք է գրավոր հարցում ներկայացնել, այդ դեպքում պարզաբանումներ կտրվեն:
Առողջապահության նախարարը նշեց, որ առողջապահության նախարարությունը անցյալ տարվա ընթացքում 10 հազարից ավելի թեժ գծով զանգեր է ստացել, իսկ այս տարի արդեն շուրջ 3000-ից ավելի զանգեր կան, որոնց արագ արձագանքում են: «Զանգերի ավելացումը ապացուցում է, որ մենք կարողանում ենք շատ արագ արձագանքել և բավարարվածություն առաջացնել»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում:









































