Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև Անդրատլանտյան առևտրային-ներդրումային գործընկերության (TTIP) մասին պայմանագրի ստորագրումը, որը նախատեսում է ամերիկյան ապրանքների առանց մաքսատուրքի մուտք, կարող է բացասաբար ազդել Թուրքիայի տնտեսության վրա։ Այդ մասին Վաշինգտոնում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև այդ պայմանագրի ստորագրման ժամանակ պետք է հաշվի առնել Թուրքիայի շահերը։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան 1995 թվականից ԵՄ-ի Մաքսային միության անդամ է, և մանրամասնել է, որ TTIP-ի ստորագրման դեպքում ամերիկյան ապրանքներն առանց մաքսատուրքերի կհայտնվեն նաև թուրքական շուկայում, ինչը նշանակում է, որ Անկարան կկորցնի միլիարդավոր դոլարներ։
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր (TTIP), ապա կարևոր է, որ զրոյական մաքսատուրքով ԱՄՆ ապրանքներ արտահանելն առնչվի նաև (1995-ից) ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիային, քանի որ հակառակ դեպքում, եթե ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն Թուրքիա, ապա Թուրքիան դրանից տարեկան կկորցնի 2.5-3 միլիարդ դոլար: Բոզքըրը սպառնացել էր, որ Թուրքիան տվյալ դեպքում կսառեցնի ԵՄ Մաքսային միությանն իր անդամակցությունը:











































