Թուրքիայի իշխանությունները գնդակահարում են փախստականներին, ովքեր փորձում են Սիրիայի կողմից հատել սահմանը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
«Թուրքիայի սահմանապահ զորքերը փախստականներին գնդակահարում են այն ժամանակ, երբ նրանք փախչելով փրկվում են Սիրիայի քաղաքացիական պատերազմից: Անցյալ 4 ամսվա ընթացքում անվտանգության աշխատակիցների կողմից սպանվել են 16 ներգաղթյալներ՝ ներառյալ երեք երեխա, երբ փորձել են ներթափանցել Թուրքիա»,- գրում է թերթը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնին:
«Կենտրոնը հավաքել է գնդակահարությունների մանրամասների մասին տեղեկություններ, որոնք հանգեցրել են սպանությունների. փետրվարի 6-ին տղամարդն ու նրա երեխան սպանվել են Ռաս էլ-Այն քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի արևելյան հատվածում»,- շարունակում է պարբերականը՝ նշելով, որ մարտի 5-ին երկու ներգաղթյալներ գնդակահարվել են սահմանի արևմտյան կողմում:
«Այդ մահերը կրկին կասկածի տակ են դնում 11 օր առաջ ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը: Այն Թուրքիային որակավորում է որպես «անվտանգ երրորդ երկիր», իսկ դա նշանակում է, որ փախստականները կարող են այնտեղ վերադարձվել առանց վախի, թե կարող են հետապնդման ենթարկվել»,- արձանագրել է պարբերականը:









































