Instagram ֆոտոծառայությունը մեծացնում է տեսանյութերի տևողությունը՝ հասցնելով մեկ րոպեի։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ Որոշ օգտատերերի համար մեկրոպեանոց տեսանյութերի ներբեռնումն արդեն հնարավոր է դարձել մարտի 29-ից։
Instagram-ի ներկայացուցիչների տվյալներով՝ միջին ժամանակը, որը ծառայության օգտատերերն անցկացնում են տեսանյութերի դիտման վրա, կես տարում աճել է 40 տոկոսով։ Ավելի երկար հոլովակները, ինչպես կարծում են Instagram-ում, թույլ կտան արմատապես փոխել ներկայացվող պատմությունների ձևաչափը։
Ֆոտոծառայության օգտատերերը հնարավորություն էին ստացել ներբեռնելու 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր 2013 թվականի հունիսի 20-ին։ Այդ ժամանակվանից ի վեր հոլովակների տևողությունը փոփոխության չէր ենթարկվել։ 2016 թվականի փետրվարին գովազդատուները ստացել էին ավելի երկար հոլովակների ներբեռնման հնարավորություն։









































