Հնագույն սիրիական Պալմիրա քաղաքի կենտրոնում, որը կիրակի ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, բարձրացվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական դրոշը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ սիրիական բանակի սպաները պետական դրոշները բարձրացրել են քաղաքի կենտրոնում և պատմական մասում։
Ավելի վաղ Կրեմլում Պալմիրայի ազատագրումն անվանել էին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարևոր և խորհրդանշական քայլ։
Նշվում է, որ Պալմիրայի շատ հուշարձաններ պահպանվել են սպասվածից լավ՝ գրում է The Guardian-ը։
Բելի տաճարից և Հաղթանակի կամարից ոչինչ չի մնացել, սակայն որոշ կարևոր կառույցներ պահպանվել են նախկին տեսքով։ Դրանց թվում են Ագորայի հրապարակը (շուկայի հրապարակ) ու Հռոմի թատրոնը։
Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամոն Աբդուլքարիմի խոսքով՝ ինքն ավելի վատ վիճակ էր սպասում։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հնագետների թիմը ժամանի Պալմիրա՝ հասցված վնասը գնահատելու համար։











































