Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցի ծրագիրը: Էրդողանը Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգությանհ հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար վաղը հնգօրյա այցով մեկնելու է ԱՄՆ:
Ակնկալվում է, որ այցի շրջանակներում Էրդողանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցելու են արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան), էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը:
Էրդողանի ամերիկյան այցի ծրագրի մեջ մտնում է նաև ԱՄՆ Մերիլենդ նահանգ այցելելը, ուր նա մասնակցելու է Թուրքիայի կառավարության հիմնադրամների միջոցներով կառուցված մզկիթի ու մշակութային կենտրոնի բացման արարողակարգին:
Էրդողանի ամերիկյան այցի մանրամասները հստակեցնելու համար Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Բացի դրանից՝ Էրդողանը ելույթ է ունենալու Բրուքինգսի ինստիտուտում, ընթրիքի է մասնակցելու Ատլանտյան խորհրդում, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպելու է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:








































