Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի խաղալուց հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հայտարարել է, որ ռուս գրոսմայստերի հետ պարտիան հերթականն էր, որի ընթացքում ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Արոնյանն սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ՝ կորցնելով մրցաշարի հաղթող դառնալու հնարավորությունը: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 6,5 միավոր, իսկ առաջատարներն են Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան 7,5 միավորով:
«Ես ունեի հստակ առավելություն. ընդամենը հարկավոր էր նավակը վերադարձնել c1, և ես կունենայի միանգամայն հաղթողի դիրք: Չեմ կարող ասել, թե ինչու նավակով a5 քայլը կատարեցի. դա բացարձակ անպետք քայլ էր: Ես այսօր կորցրի հաղթանակի հնարավորությունը, ինչպես այս մրցաշարի մի քանի պարտիաներում: Մոսկվայի մրցաշարն ինձ հաջողություն չբերեց. սա ավելի շատ կորցրած հնարավորությունների մրցաշար էր: Ես շատ հիասթափված եմ:
Դեռ երկու րոպե ունեի, և այդքանն էլ բավական կլիներ տարրական քայլեր անելու համար»,- «Р-Спорт»-ը փոխանցում է Արոնյանի խոսքը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 420 000 եվրո: Հաղթողը նոյեմբերին ԱՄՆ-ում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Մագնուս Կարլսենի հետ:








































