Գերմանիայի իշխանությունները համարում են, որ Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկումները չեն համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ հայտարարությանը:
«Գերմանիայի կառավարությունը դատապարտում է հրթիռային այդ փորձարկումը և հատկապես, հակաիսրայելական սպառնալիքները, որոնք կապված են դրանց հետ: Այդպիսի փորձարկումները, մեր տեսակետից, չեն համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ գործող բանաձևին»,- հայտնել են ԱԳ նախարարությունում:
«Հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, այդ փորձարկումները չեն նպաստում դեէսկալացիային, այլ ավելի են սրում իրավիճակը: Մենք Իրանին կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, որոնք ուժեղացնում են անվստահությունը և սրում հակամարտությունները, և դրա փոխարեն կառուցողական մասնակցություն ունենալ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման մեջ»,- գրված է հայտարարությունում:








































