Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հանդիպելու են Պրահայում։
Հանդիպման ժամանակ նրանք քննարկելու են Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցն ու տրանսպորտային նախագծերը։ Աբաշիձեն հայտարարել է, որ իրենք քննարկելու են ավանդական հարցեր՝ հումանիտար, տնտեսական, առևտրային հարաբերություններ և այլն։
Նա մանրամասնել է, որ իրենք չեն քննարկելու էներգետիկ հարցեր և մասնավորապես Վրաստանի կառավարության ու ռուսական «Գազպրոմի» միջև անցկացված բանակցությունները։
Աբաշիձեն հերքել է նաև ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Պրահայում իբրև թե քննարկվելու է Միկաիլ Կադիևի հարցը, որը ծագումով Դաղստանից է և կալանավորված է Վրաստանում, իսկ ռուսական դատախազությունը պահանջում է արտահանձնել նրան։









































