Հունաստան պաշտոնական այց կատարած Սերժ Սարգսյանը այդ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ նշել էր, թե հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով… Սերժ Սարգսյանն ասել է. «Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետևում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին»:
Սարգսյանի այդ անդրադարձը, թերևս, եզակի դեպքերից է պաշտոնական արարողությունների ընթացքում հնչող ճառերից, երբ առարկայական կապ կա իրականության հետ: ՀՀ-ին իսկապես շատ կարևոր է հետևել Հունաստանի իրավիճակին ու զարգացումներին, միայն թե ոչ թե հայ-հունական առևտրատնտեսական կապերի հեռանկարի՝ այստեղ խնդիրները շատ ավելին են, քան զուտ Հունաստանի տնտեսական ծանր վիճակը, այլ ընդհանրապես ՀՀ տնտեսության գլխին կախված դամոկլյան սրի պատճառով: ՀՀ գլխին կախված է այն սուրը, որն արդեն ընկավ Հունաստանի տնտեսության գլխին:
Հունաստանը հայտնվեց ահռելի արտաքին պարտքի ներքո, և միայն Եվրամիության ցուցաբերած միլիարդավոր դոլարների օգնությունը պետությանը հնարավորություն տվեց պահպանել ինքզինքը՝ թեև բավականին ցնցումնառատ մի ժամանակաշրջանի միջով անցնելով: Եվ եթե Հունաստանի դեպքում մի շարք հանգամանքներ նպաստեցին նրան, որ այդ ցնցումները չհանգեցնեն ընդհանրապես պետականության համար անդառնալի աղետների՝ այստեղ աջակցող գործոնները ունեին և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ անվտանգության բաղադրիչներ, ապա ՀՀ դեպքում այդ ամենը գոյություն չունի, և եթե ՀՀ գլխին էլ ընկնի այդ դամոկլյան սուրը, ապա ի տարբերություն Հունաստանի, որին հետևում է, օրինակ, Հայաստանը, Հայաստանին հետևող չի լինի, որովհետև Հայաստան պարզապես չի լինի:
Իսկ վտանգը իսկապես ահռելի է, որն արտահայտվում է ՀՀ-ում տնտեսության զարգացման, մեղմ ասած, անմխիթար ցուցանիշներով և դրա ֆոնին արտաքին պարտքի արագընթաց աճով: ՀՀ-ի արտաքին պարտքը արդեն մոտենում է 6 մլրդ դոլարի, կառավարությունը պետության մակրոտնտեսական կայունությունը պահում է լոկ արտաքին ֆինանսական ներգրավումների միջոցով: Ընդ որում՝ այդ ներգրավումներն ուղղվում են ոչ թե զարգացման նախագծերին, այլ ոլորտներ, որտեղ, մեղմ ասած, ավելի մեծ են չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերը, քան զարգացման նախադրյալներն ու հեռանկարները: Թեև Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս գտնվում է ողջախոհության սահմանում կամ այսպես ասած՝ մասնագիտորեն թույլատրելի տիրույթում, այնուհանդերձ կասկած չկա, որ Հունաստանի դեպքում էլ ինչ-որ մի ժամանակ այդպես է եղել և հետո է հասել արդեն կրիտիկական չափերի և գործնականում պետության անվճարունակության՝ բերելով հիմնարար ցնցումների:
Ամեն ինչ կախված է նրանից, թե պետությունը, տնտեսական քաղաքականության համար պատասխանատուներն ինչ քայլեր են անում իրավիճակը ողջախոհության շրջանակում պահելու և կրիտիկական շեմին չհասցնելու համար: Իսկ ՀՀ-ում այդպիսի քայլեր չեն նկատվում, ՀՀ-ում ընդհանրապես չի նկատվում տնտեսական քաղաքականություն: Միակ նկատելին հենց արտաքին պարտքի ծավալների հետևողական ավելացումն է, և դրա ֆոնին այդ միջոցների ներգրավման և ծախսի օպտիմալության հետ կապված բավականին շոշափելի կասկածներն ու վտանգները:
Ահա այդ ֆոնին ՀՀ համար, իհարկե, ոչ միայն կարևոր է Հունաստանին հետևելը, այլ Հունաստանից դասեր քաղելը՝ և ոչ թե այն առումով, թե ինչպես են հույները պատրաստվում հաղթահարել այն հետևանքները, որոնք զգացել են իրենց իսկ բացթողումների հետևանքով՝ թեկուզ նախկին կառավարությունների, այլ այն առումով, թե ինչպես չկրկնել հույների անցած ճանապարհը և չհայտնվել նրանց վիճակում: Որովհետև, կրկնում ենք, նրանց վիճակում հայտնվելու դեպքում Հայաստանի համար հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քանի որ ՀՀ-ն ԵՄ անդամ չէ, ՆԱՏՕ-ի անդամ չէ, իր կողքին ունի ագրեսիվ ադրբեջանական հարևանություն, իսկ իր «թիկունքին» ոչ պակաս ագրեսիվ ռուսական կայսրություն և կլանող եվրասիական ճահիճ: Հայաստանի առաջին իսկ տնտեսական կոլապսը կհանգեցնի պետականության կոլապսի, և դրանում չի կարող լինել որևէ կասկած:
Ավելի լավ կլիներ իհարկե, որ ՀՀ իշխանությունը Հունաստանին հետևելու փոխարեն, հետևեր ընդամենը պետական կառավարման և ընդհանրապես տնտեսության զարգացման պարզ կանոններին՝ որպես առաջին քայլ, ու գործողություններ կատարեր ՀՀ-ում տնտեսական ազատությունների, հավասար և իրավապես պաշտպանված մրցակցության հաստատման, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ: Այդ ուղղությամբ թեկուզ փոքր քայլերը ՀՀ տնտեսության համար կունենան մեծ նշանակություն, կփոխեն ոչ միայն տնտեսական կյանքի ռիթմը, այլ նաև հասարակության վերաբերմունքը տնտեսության հանդեպ, կառաջացնեն աշխատանքային նորանոր մոտիվացիաներ հանրության համար: Իսկ դա՝ հանրության աշխատանքային մոտիվացիաները, յուրաքանչյուր պետության տնտեսական քաղաքականության առանցքային գործոնն է:
Ավելին՝ եթե դատենք հենց Հունաստանի օրինակով, ապա այդ երկրում տնտեսական ճգնաժամի հիմքում հենց այն էր, որ Հունաստանում տարիներ շարունակ վարվել է հասարակության աշխատանքային մոտիվացիաները խեղդելու քաղաքականություն: Որևէ տարբերություն չկա, թե ինչով են դրանք խեղդվում՝ այսպես ասած օդից տրվող բարեկեցությամբ, թե բիզնեսի և իշխանության սերտաճման միջոցով իշխանության յուրացման, հետևանքը, ի վերջո, լինում է այն, որ տնտեսությունը հայտնվում է աղետի առաջ:









































