Ապրիլի 17-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Հրազդան քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ առաջադրվել է 3 թեկնածու։
«Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրել է ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին, առաջադրվել է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, և ինքնաառաջադրվել է անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը։ Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը, ով սակայն աշխատանքային օրվա ավարտին դեռ չէր առաջադրվել։
Առաջադրումներ կան նաև Սպիտակ քաղաքում։ Քաղաքապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել է Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը:
Մնացած համայնքներում՝ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն, Արմավիրի մարզի Աղավնատուն, Արամավիրի մարզի Առատաշեն, Արմավիրի մարզի Փշատավան, Լոռու մարզի Խնկոյան և Վայոց Ձորի Գետափ համայնքներում, որտեղ նախատեսված է գյուղապետի ընտրություն, պատկերը գրեթե նույնն է։ Առաջադրվել են հիմնականում գործող ՀՀԿ-ական համայնքապետները, իսկ առանձին համայնքներում անկուսակցականների ինքնաառաջադրումներ են։ ՏԻՄ ընտրություններում առաջադրումները կշարունակվեն մինչև մարտի 18-ը:








































