Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել համոզելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի փորձերն անվանել է «վրդովեցուցիչ և աներևակայելի կեղծավորության» օրինակ: Այդ մասին Ջոնսոնը գրել է Daily Telegraph-ում, իր սյունակում:
Բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլին Լոնդոն կմեկնի՝ ընտրողներին կոչ անելու քվեարկել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման օգտին:
«Բրիտանիայի ժողովրդին կասեն գործել ի շահ իրեն, ճիշտ վարվել: Մեր ամենակարևոր դաշնակիցը մեզ կտեղեկացնի, որ մեր շահերից է բխում ԵՄ-ում մնալը, և կարևոր չէ՝ մենք որքանով ենք այդ կազմակերպությունը ոչ կատարյալ համարում: Կարևոր չէ, որ մենք կկորցնենք ինքնիշխանությունը, կարևոր չեն ծախսերը, բյուրոկրատիան և անկառավարելի միգրացիան»,- գրել է Ջոնսոնը:
Ըստ Լոնդոնի քաղաքապետի՝ Օբամայի գլխավոր փաստարկն այն կլինի, որ միայն ԵՄ-ում մնալով Մեծ Բրիտանիան ազդեցություն կունենա միջազգային քաղաքականության վրա:
«Դա կարևոր փաստարկ է, և այն պետք է լրջորեն դիտարկել: Ես կարծում եմ, որ այ ամբողջովին ճիշտ չէ, իսկ հաշվի առնելով, որ այն ծագում է Քեռի Սեմից, դա վրդովեցուցիչ և աներևակայելի կեղծավորության օրինակ է»,- գրել է Ջոնսոնը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը իր «ներելի նարցիսիզմում» կարծում է, որ Եվրոպան երբևէ կվերածվի իր նմանակի՝ Եվրոպայի Միացյալ Նահանգների:
«Դա այն է, ինչ փորձում են կառուցել եվրագոտու երկրները, բայց դա հարմար չէ եվրոպակա շատ երկրների, հաստատ Մեծ Բրիտանիային հարմար չէ»,- նշել է Ջոնսոնը:
«ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև խորը տարբերություններ կան և դրանք երբեք չեն վերանա: ԱՄՆ-ը ունի միասնական մշակույթ, լեզու, միասնական ուժեղ կերպար և միասնական կառավարություն… ԵՄ-ն այդ ամենը չունի»,- գրել է նա:











































