Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տևական ընդմիջումից և լռությունից հետո, երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի եթերում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ առաջիկայում պատրաստվում է հայտարարել կուսակցություն ստեղծելու մասին։ Իր լռությունն Օսկանյանը վերջին անգամ խախտել էր Սահմանադրության փոփոխության դեկտեմբերի 6-ի հանրաքվեին տված գնահատականով։ Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում Ընտրական օրենսգրքի նախագծի մեկնաբանությամբ և քննադատությամբ էլ ՀՀ նախկին արտգործանախարարը նախանշել էր իր առաջիկա անելիքը քաղաքական դաշտում:
Այդ գրառման մեջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ իր համախոհների հետ ակտիվորեն ներգրավվելու է ԸՕ քննարկումներում և ամենակարևորը՝ ընտրական գործընթացներում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հռետորաբանությամբ և շեշտադրումներով է նախկին արտգործնախարարը մասնակցելու ընտրական գործընթացներին: ԸՕ-ի նախագծի վերաբերյալ գրառման մեջ շատ նա խոսում է որպես հիմք լայն համախմբման գաղափար որդեգրելու մասին:
Ուշագրավ է, Օսկանյանի հարցազրույցի այն հատվածը, որ ստեղծվելիք կուսակցությունը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչն ինքնին ավելի ընդգծում է երկրորդ նախագահի ակտիվ ներգրավումը առաջիկա ընտրական գործընթացներում։
Օսկանյանի հայտարարությունը նշանակում է նաև, որ Վարդան Օսկանյանը կա՛մ ներկայացնում է ՀԱԿ-ի հետ համագործակցության հայտ, կա՛մ էլ դառնում է ՀԱԿ-ի մրցակիցը, քանի որ լայն համախմբվածության մարտավարության կոչով է հանդես գալիս ՀԱԿ-ը, որն այդ հարցում կարծես թե միակն է քաղաքական դաշտում: Իհարկե, նման մոտեցում ունի նաև «Նոր Հայաստանը», սակայն այստեղ ընտրությունների մասնակցությունը մերժվում է: Միաժամանակ հստակ է, որ «Նոր Հայաստանի» համար խնդիր կա Օսկանյանի հետ համագործակցության մասով, քանի որ նա ասոցացվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այդ կապակցությամբ «Նոր Հայաստանի» հենց հիմնադրման ընթացքում եղավ բավական աղմուկ հանած պատմությունը Գառնիկ Իսագուլյանի հետ, որի ներգրավումը «Նոր Հայաստանին» մերժվեց այն պատճառով, որ նա ևս հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող գործիչ: Իհարկե, ի տարբերություն Վարդան Օսկանյանի՝ Իսագուլյանը բավական բաց խոստովանում է, որ շփվում է երկրորդ նախագահի հետ պարբերաբար և քննարկում տարբեր հարցեր: Սակայն, անկախ Վարդան Օսկանյանի խոստովանության, նրա առնչությունը երկրորդ նախագահին գործնականում անվիճելի է հանրային լայն զանգվածների համար, հատկապես ԲՀԿ-ի առաջին կազմալուծումից հետո, որ տեղի ունեցավ 2015-ի փետրվարին:
Այսինքն, ուզի, թե ոչ, Վարդան Օսկանյանը ունենալու է այդ առնչությունը, ընկալվելու է այդպես, և բացի այդ փաստի հետ համակերպվելուց, նա կարծես թե այլ անելիք չունի: Թեև չի բացառվում, որ ի վերջո՝ Օսկանյանը ընտրական գործընթացներին գնա արդեն Ռոբերտ Քոչարյանի հետ բաց առնչությամբ, առավել ևս, որ նախկին նախագահն էլ մի քանի ամիս առաջ ակնարկեց, որ կարող է ընտրություններին մասնակցել կուսակցությամբ: Նկատի ունենալով այն, որ ԲՀԿ-ն ըստ էության չկա, ՀՅԴ-ն էլ համագործակցում է ՀՀԿ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան կարող է մնալ միայն Վարդան Օսկանյանի ձևավորած քաղաքական ուժը: Իհարկե, ակնհայտ է, որ Քոչարյանի հետ բաց ասոցացումը Վարդան Օսկանյանի հանրային վարկանիշի հարցում կլինի ոչ թե օգնություն, այլ հակառակը: Սակայն հազիվ թե Հայաստանում իշխանական համակարգի մեջ եղած, դրան քաջածանոթ անձնավորությունը ընտրական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնի հանրային վարկանիշի վրա հույսը դնելով:
Եվ այս իմաստով, իհարկե, հույսն իսկապես կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա ռեսուրսները, իշխանական համակարգում նրա կապերը, որոշակի ազդեցությունը տարբեր շրջանակներում, միաժամանակ արտաքին հնարավոր կապերն ու ընկալումները: Ահա դա կարող է լինել այն ռեսուրսը, որը Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության համար կարող է դառնալ ընտրական գործընթացից որոշակի ակնկալիքի հիմք, մասնավորապես 5 տոկոսի շեմը հաղթահարելու և խորհրդարանում խմբակցություն ունենալու մասով:
Այստեղ անկասկած երկու հանգամանք կա՝ մեկն այն, թե ինչ որոշում կկայացնի այդ հարցում Սերժ Սարգսյանը, մյուսը՝ այն, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի այդ ռեսուրսների միջոցով կհաջողվի Սերժ Սարգսյանին մղել այդպիսի որոշման: Իհարկե, բացառել պետք չէ և այն, որ Սարգսյանն ու Քոչարյանը, ի վերջո, գան պայմանավորվածության, և Վարդան Օսկանյանի կուսակցությունը հայտնվի խորհրդարանում որպես ընդդիմության մաս: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի համար դա կլինի լիովին վերահսկելի ընդդիմություն՝ հաշվի առնելով նաև հենց Ռոբերտ Քոչարյանի և համատեղ անցած ճանապարհի գործոնը: Ավելին՝ այս համատեքստում Վարդան Օսկանյանի կուսակցական ակտիվ նախընտրական գործունեությունը կարող է նույնիսկ պահանջված լինել Սերժ Սարգսյանի և ընդհանրապես իշխանական համակարգի համար:
Օսկանյանի կուսակցությունը լիովին կփոխի ներքաղաքական, ընդդիմադիր դաշտի կոնֆիգուրացիան: Իհարկե՝ ոչ այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանը փոխեց, սակայն գործնականում հենց այդ տրամաբանությամբ: Այլ կերպ ասած՝ Վարդան Օսկանյանը իր քաղաքական ուժի հետ միասին՝ իհարկե վերջնական որոշում կայացնելու և ընտրական գործընթացներում ներգրավվելու դեպքում, ըստ էության կլինի Գագիկ Ծառուկյանի «լայթս» տարբերակը: Այսինքն՝ նա գործնականում կկարողանա բավական շոշափելի սեգմենտ վերցնել ընդդիմադիր դաշտում՝ զուտ հռետորաբանության առումով, սակայն չի տիրապետի ծառուկյանական խարիզմային, որը ԲՀԿ նախկին առաջնորդին անգամ իր կամքից անկախ դարձրել էր քաղաքական ուժեղ գործոն, իհարկե, ինչպես կյանքը ցույց տվեց՝ իշխանության, ոչ թե հասարակության կամ «քաղաքագիտական» շրջանակների ձեռքին:
Եվ այս առումով, եթե Ծառուկյանը իշխանության համար միաժամանակ թե՛ մարտահրավեր էր, թե՛ խաղաքարտ հանրային տրամադրությունները կառավարելու հարցում, և ի վերջո աշխատեց երկրորդ տարբերակը, ապա Վարդան Օսկանյանին սպառնում է կամա, թե ակամա խաղաքարտ դառնալը, եթե իհարկե՝ նրա գործունեության հարցում չկայանա Սարգսյան-Քոչարյան պայմանավորվածություն:









































