Հունվարի 13-ին ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիասթափված է էթիկայի հանձնաժողովի որոշումից:
«Եթե ԱԺ էթիկայի հանձնաժողովը նման արտահայտություններն ու վարքը թույլատրելի է համարում որպես դաստիարակչական կամ կանխարգելման միջոց, նման որոշմամբ խրախուսում են բռնության մշակույթի ձևավորմանը հասարակության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել:
Նշենք, որ ՀՔԱՎ-ը էթիկայի հանձնաժողով էր դիմել՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Շուշան Պետրոսյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը, ասել է. «Ե՞րբ կլիներ լակոտ արտահայտությունը վիրավորանք և ինչ-որ տեղ՝ սպառնալիք:
Եթե պատկերացրեք, որևէ մեկը, հանրության համար անհայտ, վաստակաշատ, հայտնի գիտնականին, ակադեմիկոսին ասեր «լակոտ»: Այ դա կլիներ իսկապես վիրավորանք»:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ էթիկայի հանձնաժողովի պատգամավորները նաև հանրության միջոցով գործող անձ են և որոշակի պատասխանատվություն ունեն հանրության առջև, բացի այդ, մոռանում են, որ «վաստակաշատ անձը» իրեն չի կարող թույլ տալ բռնություն խրախուսող և բռնության մտածելակերպ ձևավորող արտահայտություններ: «Եթե քաղաքացու դեպքում բռնության կոչերը քրեորեն պատժելի արարք են, ապա մենք արձանագրում ենք, որ էթիկայի հանձնաժողովը թույլատրելի է համարում ԱԺ պատգամավորի բռնության կոչերը կամ բռնություն խրախուսող արտահայտությունները: Ուստի, նման կոչերով քաղաքացիները կարող են հակադարձել այն պատգամավորին, որն, ըստ իրենց, իրեն ճիշտ չի պահում կամ ճիշտ չի խոսում: Կարող են ասել՝ լակոտ, ականջդ կկտրեմ կամ կբռնաբարեմ և դա պետք է հնչի որպես նորմալ, կանխարգելիչ դաստիարակչական արտահայտություն»,- ասաց Սաքունցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր բռնաբարել բոլոր նրանց, ովքեր պաշտպանության նախարարի դեմ հանդես կգան, և նրա արարքը էթիկայի խախտում համարվեց: Ու Խոսրով Հարությունյանն այսօր հայտարարել է, թե միգուցե Առաքել Մովսիսյանն էլ է այդ արտահայտությամբ պարզապես սաստելու ցանկություն ունեցել:
«Ըստ էության, Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ իրենք՝ Էթիկայի հանձնաժողովն իր դերը չի կատարում»,- հակադարձում է իրավապաշտպանը՝ հավելելով. «Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից է բազմակարծությունը և հրապարակայնությունը, և պաշտոնյաները պետք է լինեն ավելի հանդուրժող, քան շարքային քաղաքացիները: Իսկ նման որոշումները միայն խրախուսում են բռնության մտածելակերպը»:









































