Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հանդեպ Հայաստանում ընդդիմադիր ուժերի վերաբերմունքը միարժեք չէ: Ընդդիմության մի մասը՝ «Նոր Հայաստան» միավորման ներքո հավաքված, կարծես թե դեմ է ընտրությանը ընդհանրապես ու հայտարարում է, որ Հայաստանում ընտրական ճանապարհով իշխանափոխությունն անհնար է, և իշխանափոխությանը ոչ թե պետք է նախորդի, այլ հաջորդի նոր ընտրությունը: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստանը» տրամաբանորեն անտեսում է ԸՕ փոփոխության գործընթացը: Ընդդիմադիր մյուս ուժերը մասնակցում են այդ գործընթացին, ընդ որում՝ կամա, թե ակամա, այսինքն՝ անկախ այն հանգամանքից՝ առաջարկություններ ներկայացրել են, թե ոչ:
Բանն այն է, որ եթե մասնակցում ես կամ մասնակցելու ես ընտրությանը, նշանակում է մասնակից ես նաև ԸՕ փոփոխություններին, քանի որ հենց դրանք են այն կանոնները սահմանում, որով մասնակցում ես ընտրությանը: Ընդդիմադիր այդ ուժերը կարծես թե անխտիր բացասական կարծիք են հայտնել ներկայացված նախագծի մասին: Իհարկե, նույնիսկ երևի թե առանց բովանդակությանը ծանոթանալու էլ հնարավոր էր վստահ լինել, որ ՀՀԿ-ն ի զորու չէ ներկայացնել նախագիծ, որտեղ արտահայտված է հանրային ու պետական, ոչ կուսակցական կամ օլիգարխիկ շահ: ՀԱԿ-ը կոչ է անում բոլորին միավորվել նախագծի դեմ, որպեսզի իշխանությանը ստիպեն գնալ փոփոխությունների: Միավորվելու կոչին առայժմ չի արձագանքել որևէ առաջատար ընդդիմադիր ուժ՝ համեմատաբար առաջատար: Թե ինչ հեռանկար կա այդ առումով մոտ ապագայում՝ բարդ է ասել:
Բայց այստեղ, իհարկե, երևի թե ավելորդ չի լինի դիտարկել մեկ այլ «հիպոթեզ»: Իսկ արդյո՞ք ընդհանրապես չարժե քննարկել ընտրության մասնակցել-չմասնակցելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանակում, «Նոր Հայաստան» միավորումից բացի, այդ հարցը քննարկվում է որպես զարգացումների որևէ հավանականություն, որպես տարբերակներից մեկը, եթե, օրինակ, իշխանությունը չգնա ԸՕ հարցում որևէ էական փոխզիջման: Ի վերջո, առնվազն մարտավարական տեսանկյունից հարցի քննարկումը թերևս ավելորդ չէ: Եթե ներկայումս բոլորն անխտիր բավական բացասական են գնահատում ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու, եթե ՀՀԿ-ն չգնա էական զիջումների և փոփոխությունների: Թե՞ բոլորի հույսն այն է, որ ՀՀԿ-ն, այդուհանդերձ, կգա դրան:
Ինչ խոսք, ընտրության չմասնակցելու հարցը չափազանց լուրջ հարց է, որովհետև այն չի կարող լինել ինքնին միանվագ լուծում՝ չմասնակցել, և վերջ: Չմասնակցելը պետք է ենթադրի նաև հետագա գործողությունների ռազմավարություն, քաղաքական ազդեցության համար պայքարի մեթոդաբանություն, գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է օգնեն առավել շահեկան և նպաստավոր, առավել արդյունավետ տարբերակներով սպասարկել հանրային շահը ներքաղաքական կյանքում և չմարգինալացվել: Դա, իհարկե, բավական աշխատատար է, պահանջում է բավական հանգամանալից մշակումներ, պատկերացումներ կատարված քայլի հանրային էֆեկտի, հաջորդ քայլերի մասին, ունենալ քաղաքական ռազմավարություն, ունենալ պլանավորման և կանխատեսման կարողություններ և այլն: Միայն այդ հանրագումարում է, որ հնարավոր է հասնել օպտիմալ որոշման:
Մինչդեռ Հայաստանի քաղաքական դաշտում այդ տեսանկյունից առկա է մեծ բաց, երբ անգամ մասնակցությունը իրականացվում է առանց տեսանելի, շոշափելի ռազմավարության և պլանավորման, ուր մնաց համապետական ընտրության չմասնակցելը: Մինչդեռ չմասնակցելը այդ տեսանկյունից պահանջում է բավականին լուրջ, առավել պատասխանատու, ռազմավարական մշակումներով հագեցած մոտեցում, քան մասնակցելու դեպքում:
Վերջին հաշվով, Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը մինչև այժմ անընդհատ դժգոհելով կեղծված ընտրություններից, այդուհանդերձ մասնակցել է դրանց՝ ոչ թե հույսով, որ այս անգամ ինչ-որ բան կփոխվի, այլ պարզապես անելու այլ բան չունենալուց, չպատկերացնելուց: Չիմանալով ուրիշ ինչ անել՝ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը մասնակցել է ընտրություններին, հստակ հասկանալով, որ դրանք կեղծվելու են, որ իրենք էլ չունեն այդ կեղծիքը կանխելու ռեսուրսներ: Բայց, մյուս կողմից էլ, եթե չկա մշակված ռազմավարություն՝ չմասնակցության և հաջորդ քայլերի մասով, ապա մի՝ մասնակցության ծայրահեղ անհեթեթ վիճակից, քաղաքական ուժը կհայտնվի չմասնակցության ծայրահեղ անհեթեթ վիճակում:
Բայց հենց այն, որ քաղաքական օրակարգում անելիքների, հնարավոր քայլերի, տարբերակների շարքում լրջորեն չի քննարկվում ընտրությունները բոյկոտելու խնդիրը, իսկ դա առաջին հերթին նշանակում է քննարկում ռազմավարական շարունակության մասով, վկայում է, որ մասնակցության քննարկումներն էլ կրում են առավելապես ընթացակարգային բնույթ և չեն պարունակում առկա իրավիճակի և ավանդույթների ֆոնին ներքաղաքական արդյունավետության համարժեք ռեսուրսներ: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՆԱ արդյունքը՝ համախառն ներքաղաքական արդյունքը, կրկնվելու է:
Լուսանկարը` Առավոտ-ի









































