Հարավային Սուդանի իշխանությունները հավատարիմ աշխարհազորայիններին թույլ են տվել կանանց բռնաբարել՝ նրանց աշխատավարձ տալու փոխարեն: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրում իրավիճակի մասին ՄԱԿ-ի զեկույցում:
Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները ոչ միայն աչք են փակել իրենց մարտիկների իրագործած հանցագործությունների վրա, այլև խրախուսել են դրանք:
«Կառավարական ուժերի և աշխարհազորայինների կողմից սեքսուալ բռնության մասշտաբներն ու տեսակները նկարագրված են սարսափեցնող մանրամասներով»,- մեջբերում է գործակալությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնի խոսքերը:
Վերջին 5 ամսում բռնաբարված կանանց թիվը հասել է 1300-ի:
Զեկույցում հաղորդվում է նաև տեղի բնակիչների սպանությունների և կողոպուտների մասին, որոնք իրագործել են աշխարհազորայինները: «Նրանց հրկիզել են, գնդակահարել, փակել խցերում, որտեղ մահացել են շնչահեղձությունից, կախել են կամ մասերի են բաժանել»,- ասվում է ՄԱԿ-ի փաստաթղթում:









































