Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր դիտարկել է իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների բողոքը, որն առնչվում է բուժման նպատակով Ադրբեջանը լքելն արգելելուն։
Ավելի վաղ Բաքվի շրջանային դատարաններից մեկը նրանց արգելել էր բուժման նպատակով մեկնել արտերկիր, ինչից հետո իրավապաշտպանները բողոքարկել էին այդ որոշումը։
Բաքվի Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է նրանց՝ չնայած որ Լեյլա Յունուսը տառապում է շաքարային դիաբետից, հեպատիտ C-ից, դիաբետից, պանկրեատիտից, լեղապարկի քարերից, որոնք սրվել են կալանքի տակ վերցվելուց հետո։ Արիֆ Յունուսն իր հերթին ունի հիպերտոնիկ հիվանդություն ու ծոծրակի ուռուցք։
Իրավապաշտպանները հայտարարել են, որ Ադրբեջանում տևական բուժումներն արդյունք չեն տվել, ինչի համար էլ անհրաժեշտ է մեկնել արտերկիր, սակայն մերժում են ստացել։









































