С-300 համալիրների առաջին փոխադրումն Իրան կիրականացվի 2016 թ. օգոստոսին կամ սեպտեմբերին: Այս մասին The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտնել է ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Կարծում եմ՝ մենք С-300 կփոխադրենք մինչև տարվա վերջ… Առաջին մատակարարումը տեղի կունենա սեպտեմբերին կամ օգոստոսին»,- ասել է Չեմեզովը:
Մատակարարումը ձգձգվել է, որովհետև Ժնևում մինչև հիմա քննվում է Իրանի հայցը:
«Մենք համաձայնեցինք, նրանք խոստացան հայցը հետ կանչել, հենց որ մենք իրականացնենք առաջին մատակարարումը»,- հավելել է Չեմեզովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Իրանին կփոխանցի С-300 զենիթահրթիռային համալիրի վերջին մոդիֆիկացիան:
Չեմեզովը նշել է, որ դա կլինի С-300-ի վերջին մատակարարումն արտասահման, դրանից հետո, հնարավոր է, այն «ընդհանրապես չարտադրվի»:
Ռուսաստանն ու Իրանը С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են 2007 թվականին, սակայն հետագայում Ռուսաստանը հրաժարվեց դրանից՝ կապված ՄԱԿ ԱԽ-ի թիվ 1929 բանաձևով Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հետ։
Դրանից հետո Իրանը դիմեց Միջազգային միջնորդ դատարան։ Ներկայումս կողմերը բանակցում են այդ հայցը հետ վերցնելու ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա ապրիլին հրաման ստորագրեց այդ համալիրներն Իրանին մատակարարելու վրա դրված արգելքի վերացման մասին։









































