Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծությունը հայկական զինված ուժերի ռազմական ներուժի վերաբերյալ իր անձնական տեսակետն է: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսպես է մեկնաբանում ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» (ВПК) ռազմական մասնագիտացված շաբաթաթերթի այսօրվա համարում տպագրված՝ «Ֆորպոստ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան՝ ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»:
Հովհաննիսյանի խոսքով՝ նման վերլուծություններ, իհարկե, շատ կան, և բոլոր այդ հոդվածներում «կարմիր թելով» անցնում է այն միտքը, որ հայկական զինուժը բարձր մարտունակություն ունի, որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում և այլն: Եվ թերևս այս առումով կարելի է համաձայնել ռուս փորձագետի հետ, բայց մանրամասները՝ կապված բանակի սպառազինության և այլ հարցերի հետ, բնականաբար, չեն կարող անկախ փորձագետների մոտ լիովին ճշմարիտ լինել:
Նշենք, որ այդ հոդվածում Ալեքսանդր Խրամչիխինը գնահատականներ է տալիս ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների վերաբերյալ, թե իր տվյալներով՝ որտե՞ղ են տեղակայված զինվորական զորամասերը, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակի ռազմական տեխնիկա և այլն:
Լուսանկարը՝ Panorama.am-ի









































