Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան իր մշտապես աճող պահանջներով ԵՄ-ին շանտաժի է ենթարկում միգրացիոն ճգնաժամի հարցում։ Այդ մասին հայտարարել է Չեխիայի Կոմկուսի առաջնորդ Վոյտեխ Ֆիլիպը՝ մեկնաբանելով Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքները:
«Անհրաժեշտ է կտրուկ մերժել Թուրքիայի կողմից ԵՄ-ին շանտաժի ենթարկելու փորձը։ Թուրքիան չի կատարում ավելի վաղ ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, Թուրքիան, որը շահագրգռված է ԵՄ-ին իր անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացն արագացնելով, փորձում է ներգաղթյալների հանդեպ իր պարտավորությունները կատարել ԵՄ-ի երկրների հարկատուների հաշվին»։
Թուրքիայի ներկայացուցիչները երեկ տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում պահանջել էին կրկնապատկել (3 միլիարդ եվրոյից հասցնել 6 միլիարդ եվրոյի) ֆինանսական օգնության ծավալը թուրքական տարածքում փախստականների շուրջ իրավիճակի կարգավորման համար։











































