Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ժամանել է Իզմիր՝ մասնակցելու Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին։
Դրանով իսկ Ցիպրասը դարձել է վերջին 95 տարում Իզմիր այցելած Հունաստանի առաջին վարչապետը։ 1921 թվականին Իզմիր է ժամանել Հունաստանի վարչապետ Դիմիտրիս Գուարիսը։ Այդ ժամանակ Իզմիրը (Զմյուռնիա) գտնվել է Հունաստանի վերահսկողության տակ, սակայն կարճ ժամանակ անց այն տիրել են քեմալականները։
Իզմիրում նրան դիմավորել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, ապա նրան ընդունել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Ցիպրասն ու Դավութօղլուն մարտի 8-ի կապակցությամբ կարմիր վարդեր են նվիրել կին լրագրողներին։ Հաղորդվել է, որ Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին մասնակցում է երկու երկրից 10-ական նախարար, որոնք քննարկելու են տնտեսական կապերի ամրապնդումը։









































