Արարատի մարզի Դվին գյուղը շուրջ 15 տարի ղեկավարած ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Աբրահամյանը ուզում է շարունակել պաշտոնավարել, և առաջադրելու է սեփական թեկնածությունը ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: Թե ովքեր են իր մրցակիցները, գյուղապետը դեռ չգիտի:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխել գյուղում, որ ուզում է շարունակել պաշտոնավարել: «Լավ էլի, հարցեր մի տվեք: Թեկնածությունը դնելու ենք ու վերջ, վսյո»,-հայտարարեց Աբրահամյանը: Մեր հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կամ Արարատի մարզպետի հովանավորչությունը վայելո՞ւմ է, գյուղապետը նման պատասխան տվեց. «Ոչ մի հովանավորչություն չկա: Գյուղական ընտրություններում ոչ մի հովանավորչություն չի լինում»:
Նշենք, որ 2012 թվականի գյուղապետի ընտրությունների ժամանակ մամուլում գրվել էր, որ Արարատի մարզի Դվին գյուղում ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Աբրահամյանը հենց գյուղապետարանի իր աշխատասենյակում ընտրակաշառք է բաժանում, սակայն Աբրահամյանը հերքել էր այդ լուրերը:
Նշենք նաև, որ Դվինի հիմնական խնդիրներից է ոռոգման ջրի հարցը: Ոռոգման սեզոնին Ջրօգտագործողների ընկերությունների և Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչների միջև կոնֆլիկտ է հասունանում։ Բնակիչները դժգոհում են, որ ՋՕԸ-երն հրաժարվում են իրենց ջուր տալ՝ մինչև պայմանագիր չստորագրեն։ Հակառակ դեպքում էլ սպառնում են, որ գյուղացիները կհայտնվեն դատարանում։








































