BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավար Էրին Էնդրյուսի համար նշանակել է 55 միլիոն դոլարի փոխհատուցում այն պատճառով, որ նրան թաքնված տեսախցիկով մերկ նկարահանել են Նեշվիլ քաղաքի հյուրանոցում։
Ատենակալները որոշել են, որ նկարահանումն իրականացրած մարդը պարտավոր է վճարել գումարի 51 տոկոսը, իսկ մնացյալ մասը պետք է վճարեն այն երկու ընկերությունները, որոնց պատկանում է հյուրանոցը։ Միջադեպը գրանցվել է 2008 թվականին։
Fox News հեռուստաալիքի մարզական մեկնաբանին մուտքի դռան անցքի միջոցով տեսախցիկով նկարահանել էր Մայքլ Դևիդ Բարետը, որն ավելի ուշ այդ տեսանյութը տեղադրել էր համացանցում։ Հաղորդավարուհին դատի էր տվել Բարետին ու հյուրանոցի տերերին՝ պահանջելով 75 միլիոն դոլարի փոխհատուցում։
Բարետը խոստովանել էր, որ գաղտնի նկարահանել է Էնդրյուսին։ Նա տեսանյութը համացանցում տեղադրել էր այն բանից հետո, ինչ հանրաճանաչների մասին TMZ կայքը հրաժարվել էր գնել այն։










































