Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարների հետ՝ ամառային տրանսֆերային ծրագրերը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Մասնագետն, ով ամռանը գլխավորելու է «քաղաքայիններ»-ին, արդեն մտածում է իր ապագա թիմի կազմի մասին: Գվարդիոլան նշել է, որ ցանկանում է «Սիթի»-ի կազմում տեսնել «Այաքս»-ի կիսապաշտպան Ռիխեդլի Բազուրային և ՊՍՎ-ի պաշտպան Յետրո Վիլեմսին:
19-ամյա Բազուրը, ում նոր Ֆրանկ Ռայկարդ են անվանում, Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23 հանդիպում է անցկացրել, 5 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում է կատարել: Նրա տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո է կազմում:
21-ամյա Վիլեմսը նույնպես տաղանդավոր ֆուտբոլիստ է համարվում, բայց մրցաշրջանի առաջին մասը բաց է թողել վնասվածքի պատճառով: Նրա տրանսֆերը 20 մլն եվրո է գնահատվում:






































