Միգրացիոն ճգնաժամի հետ կապված ԵՄ որոշ երկրների կողմից սահմաններին վերահսկողության միակողմանի սահմանումից հետո վտանգված Շենգենյան գոտին հաջողվեց փրկել: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եթե չկա Շենգեն, չկա նաև Եվրոպա: Դա այն է, ինչից մենք այսօր խուսափեցինք»,- ասել է Օլանդը Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արտակարգ գագաթնաժողովից հետո, որում կողմերը պայմանավորվել են ճգնաժամի լուծման մասին:
Երկուշաբթի Թուրքիայի վարչապետը ԵՄ գագաթնաժողովում նոր առաջարկներ է ներկայացրել գործողությունների համատեղ ծրագրի վերաբերյալ՝ կոչված կրճատելու Թուրքիայից ԵՄ փախստականների հոսքը: Այն ենթադրում է բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձ Թուրքիա, որոնք այդ երկրից մեկնել են ԵՄ՝ Թուրքիայում հայտնված սիրիացի ներգաղթյալների ԵՄ-ում օրինական վերաբնակեցման, մինչև 2018թ. Անկարային ներգաղթյալների համար լրացուցիչ 3 մլրդ եվրոյի հատկացման, այդ տարվա հունիսից առանց վիզայի ռեժիմի սահմանման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործի նոր գլուխներ բացելու փոխարեն:









































