Ընտրական օրենսգրքի նոր նախագծով յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով: Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն՝ նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ցանկացած գործընթացում ողջամիտ սահմանափակումներ պետք է լինեն, բայց սա ողջամիտ սահմանափակում համարել չի կարելի։
Մելիքյանի խոսքերով՝ նման սահմանափակումն անթույլատրելի է և մամուլի աշխատանքն ընտրություններին խոչընդոտել չի կարելի:
Անգամ եթե իշխանությունները միտումնավոր են այս կետերը ներմուծել Ընտրական օրենսգիրք, այն հետագայում հանելու և որպես փոխզիջում ներկայացնելու համար Աշոտ Մելիքյանը ճիշտ է համարում առաջարկություններով և դիտողություններով հանդես գալը:








































