Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների` 2013 թվականին տնտեսական աճը կձևավորվի 4.7-5.7 %-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6 %-ի շրջանակներում: Կառավարության կանխատեսումներով՝ տնտեսական աճը գնահատվում է մոտ մեկ տոկոսային կետով բարձր` առնվազն 7 %:
Տնտեսական աճի գնահատականների տարբերությունը հիմնականում բացատրվում է գյուղատնտեսության ճյուղի աճի գնահատականների տարբերությամբ: Կառավարության սպասումները գյուղատնտեսության տարեկան աճի վերաբերյալ ավելի լավատեսական են` աճի գնահատականը 4.5 % է, մինչդեռ ԿԲ-ի կանխատեսումներով՝ ակնկալվում է 2-4 % աճ` չնայած նշվում է, որ դա առավել քիչ ռիսկային տարբերակ է:
Միաժամանակ ԿԲ-ն ենթադրել է, որ 2013 թվականի ընթացքում տեղի կունենա առևտրի պայմանների վատացում: Կառավարությունը ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին եզրակացության մեջ լիարժեք հիմնավորված չի համարում ԿԲ-ի այդ ենթադրությունը: «Մեր գնահատականներով՝ համաշխարհային գների սպասվող զարգացումների ներքո առավել հավանական է, որ առևտրի պայմանները գոնե կմնան անփոփոխ: Այս փաստարկը հիմնավորվում է ԱՄՀ-ի կողմից կատարված կանխատեսումներով, որոնց համաձայն՝ 2013 թվականին ակնկալվում է նավթի գների առաջանցիկ նվազում` ոչ նավթային գների նվազման համեմատ»,- նշված է կառավարության եզրակացության մեջ: