Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ և ուժային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանը և այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջև ծառացած խնդիրներին և հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ իրավապահ և ուժային համակարգերի գործունեության արդյունավետությունը կախված է ինչպես առանձին կառույցների աշխատանքից, այնպես էլ նրանց փոխգործակցության մակարդակից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, ինչը բոլոր կառույցների աշխատակիցներից պահանջում է արհեստավարժության համապատասխան մակարդակ, սկզբունքայնություն, իրենց վրա դրված պարտականությունների հստակ կատարում՝ հավելելով, որ հասարակությունը պետք է անընդունելի համարի ցանկացած հանցավոր դրսևորում:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: