Այսօր Հայաստանի ֆինանսների նախարարությունից տարանջատված Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ հայտնի որպես սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի փոխնախագահ:
Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը քիչ հավանական համարեց, որ ՊԵԿ նոր ղեկավարը կկարողանա սկզբունքորեն վերափոխել հարկային ու մաքսային ծառայության համակարգը, քանի որ Հովհաննես Հովսեփյանը, ինչպես և Գագիկ Խաչատրյանը, ևս ունի բիզնես-հետաքրքրություններ Հայաստանի տնտեսական դաշտում. «Առայժմ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր վերահսկողությունն է ընդամենը փորձում հաստատել այդ կառույցի վրա»:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատմամբ՝ Հայաստանում վերջին երեք նոր նշանակումները՝ ԱԱԾ պետի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և այժմ էլ ՊԵԿ ղեկավարի, մասնագիտական նշանակումներ չեն. «Սրանք ո՛չ քաղաքական, ո՛չ մասնագիտական նշանակումներ են, այլ անձնական՝ բոլորը հավատարիմ են Սերժ Սարգսյանին»:
Քաղաքագետի խոսքով՝ այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը մի կողմից՝ ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի բերած թիմը էֆեկտիվ չի աշխատել, մյուս կողմից՝ վարչապետին զրկում է հնարավոր հենարաններից, որպեսզի թիմը լինի հավատարիմ միայն իրեն:
Այնուամենայնիվ, Արման Բաբաջանյանը համարում է, որ «խաղը դեռ առջևում է»:










































