«Աշխատանքն սկսելու ենք բոլոր ոլորտներում, ամեն ինչից սկսելու ենք, տվեք ինձ մի կարճ ժամանակ»,- ասաց Գյումրիի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ Գյումրիում իշխանությունը չի պարտվելու:
Շուրջ մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել Գյումրեցի 13 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը լուծելու համար: Արդյոք նորանշանակ մարզպետը փորձելո՞ւ է աջակցել այս ծրագրին: Հովսեփ Սիմոնյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Այսօր նոր կառուցված բնակարաններ կան, որ շատերը ստացել են և դեռևս չեն բնակվում, արդյոք ինչքանո՞վ է ճիշտ, պետք է խորանալ: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ ունեցել են բնակարան, չեն ունեցել, սրանք բոլորը խնդիրներ են»:
Անդրադառնալով 2017-ի ընտրություններից հետո իր պաշտոնավարման շարունակությանը՝ մարզպետը նշեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն անժամկետ է, և վստահություն հայտնեց, որ 2017-ին շատ ավելի լավ կլինի:
Նա նաև նշեց, որ նախորդ մարզպետին լավ է վերաբերվում. «Ամենակարևորը լավ մթնոլորտ է ստեղծված, ես այդ մթնոլորտը փորձում եմ պահել»:
Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Հովսեփ Սիմոնյանն արդեն սկսել է կադրային ջարդ իրականացնել: Լրագրողների հետ զրույցում մարզպետը ժխտեց՝ ասելով. «Ի տարբերություն շատերի՝ ես շատ լավ պատկերացնում եմ, թե մարզպետարաններում ինչ ծառայություն է իրականացվում, և յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող այնտեղ պաշտպանված է օրենսդրությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































