Այսօր Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, սակայն ՀՀ իշխանությունները այն չեն քննարկել մեր երկրի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված էին և վերջին շրջանում բազմաթիվ առաջարկներ էին ներկայացնում նոր ԸՕ-ի կապակցությամբ:
Այս առնչությամբ Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ընտրական օրենսգիրքը փոքր փաստաթուղթ չէ, որը պետք է ներկայացնել, դա մի մեծ փաթեթ է, որում ներառված է ոչ միայն Ընտրական օրենսգիրքը, այլև օրենքներում եղած բազմաթիվ փոփոխությունները: Եվ այդ աշխատանքներում ներգրավված է լուրջ մասնագետների մի ողջ խումբ, որոնց աշխատանքը չի կարելի թերագնահատել»:
Կարինե Աճեմյանի խոսքով՝ հասարակության նկատմամբ հարգանքից է բխում այն փաստը, որ փաստաթուղթը ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, որը մասնագիտական կառույց է. «Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել: Դուք նախօրոք անվստահություն մի սերմանեք, ոչ ոք դրա իրավունքը չունի»:
Ինչպես նշեց տիկին Աճեմյանը՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո գործադիրը վաղվա նիստում կորոշի այս փաստաթուղթն ուղարկել Ազգային ժողով:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը Սահմանադրությունից ոչ պակաս փաստաթուղթ է և լինելու է ինդիկատոր. «Փաստաթուղթը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: Իսկ մեզ և բոլորին ամենահուզող դրույթը ընտրակեղծիքների մասին է, և ամեն ինչ պետք է անել՝ դրանց դեմն առնելու համար: Իհարկե, ամենալավ օրենսգրքի դեպքում էլ եթե չկա քաղաքական կամք և քաղաքական մշակույթ…»:
Դիտարկմանը՝ Հայաստանի քաղաքացիները փոփոխություն են ուզում, Կարինե Աճեմյանն ասաց. «Ես չեմ տեսնում այդ պահանջարկը, դուք եք տեսնում: Այն ուժերը, ովքեր տեսնում են այդ պահանջարկը, պետք է գրագետ աշխատեն»:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գործունեությանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք ընդդիմությանը հնարավորություններ տվել ենք: Կարծում եմ, որ դա նաև ազգային մենթալիտետ է դարձել, որովհետև եթե 10 հոգի չեն կարողանում համախմբվել և իրենց գաղափարները նույն ուղղությամբ տանել, դա մեր մեղքը չէ: Այո՛, Հանրապետականը ուժեղացել է և ուզում է լինել իշխանություն»:
Կարինե Աճեմյանը կարևորելով նաև վստահության դեֆիցիտը՝ ասաց. «Մենք դա պիտի անպայման հաղթահարենք, և դրա առաջին ցուցիչը լինելու են այս ընտրությունները»:









































