Իսրայելի իշխանությունները չեղյալ են հայտարարել մայիսին նախատեսված ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցը Երուսաղեմ՝ պաղեստինցիներին մեղադրելով առաքելության աշխատանքը քաղաքականացնելու փորձերի և այն հրեական պետության դեմ նոր հարձակումներ իրականացնելու նպատակով կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իլան Շտայնը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի այցելության նոր օր որոշել՝ տարաձայնությունները հարթելուց հետո:
Նա մեկնաբանել է, որ Իսրայելի համար անընդունելի են Պաղեստինի ղեկավարության փորձերը՝ առաքելության մանդատը փոխելու ուղղությամբ, որը համաձայնեցվել էր դեռևս 2010թ., և ընդլայնել դիտարկմանը ենթակա օբյեկտների ցանկը՝ դրանում ներառելով մասնավորապես Տաճարի լեռան մզկիթների համալիրը:
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության փորձագետների այցը, որոնք պետք է ծանոթանային Երուսաղեմի Հին քաղաքի օբյեկտների վիճակին, դիտարկվում էր որպես կարևոր քայլ՝ Իսրայելի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև լարված հարաբերությունները հարթելու ուղղությամբ, որն առաջացել էր այն բանից հետո, երբ 2012թ. Պաղեստինը անդամակցություն ստացավ կազմակերպությունում:









































