Անհրաժեշտ է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը դրսից ահաբեկիչների հոսքը կանխելու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 31-րդ նստաշրջանում:
«Առանձնահատուկ առաջադրանք է դրսից ահաբեկիչների հոսքը կանխելը, ինչի համար անհրաժեշտ է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը, որով զենք է մատակարարվում ավազակներին, այդ թվում՝ հումանիտար օգնության շարասյուներում, իսկ այդ մասին հայտնած լրագրողներին դատապարտում են երկար տարիների ազատազրկման: Սա, ի դեպ, խոսքի ազատության մասին է»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Սիրիայում կարիքավորների հումանիտար օգնություն հասցնելու և արգելափակված շրջաններ հասանելիության ընդլայնման գործում վերջերս ակնհայտորեն առաջընթաց է նկատվում:
Նրա խոսքով՝ Սիրիայում հումանիտար իրավիճակի թեթևացումը ՄԱԿ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Սակայն Լավրովի խոսքով՝ «հումանիտար խնդիրներն արմատապես լուծել, պատերազմից ավերված երկրի վերականգնմանն անցնել հնարավոր է միայն կրակի կայուն դադարեցման և Սիրիայի ապագայի մասին իսկապես ընդգրկուն համասիրիական երկխոսության ապահովման միջոցով, որը պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները՝ առանց արտաքին միջամտության»:
Լավրովը նաև նշել է, որ Սիրիայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններում ահաբեկիչներն ու ծայրահեղականները տեղ չունեն:
«Բնականաբար, ո՛չ կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններում, ո՛չ քաղաքական կարգավորման գործընթացում, տեղ չունեն ահաբեկիչներն ու ծայրահեղականները, ում գաղափարախոսությունն ու պրակտիկան անհամատեղելի են մարդկային քաղաքակրթության գոյության սկզբունքներին: ԴԱԻՇ-ին, «Ջեբհաթ ան-Նուսրային» և նրանց նմաններին վճռական պարտության մատնելը Սիրիայի, Իրաքի և ընդհանուր Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ու Հյուսիսային Աֆրիկայի կեղեքված ժողովրդի իրավունքների ապահովման անխախտելի պայման է»,- ասել է Լավրովը:









































