Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի և հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան և ծաղիկներ խոնարհել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
«Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն Ցեղասպանություն և տառապանքներ, այլև հայ ժողովրդի հոգևոր և մշակութային վերածնունդը: Նա մոռացության բազմադարյա քողի տակից վերհանեց և վերածնեց հայ երգարվեստի գոհարները, որոնք մեր օրերում հանդիսանում են համամարդկային արժեքներ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետև ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Տեր Պողոս աբեղա Վարդանյանին: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը և հետագա խորացումը: Անդրադարձ է եղել հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերին: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել նոր սերնդին ազգային և քրիստոնեական արժեքներով կրթելն ու դաստիարակելը:









































