Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Հաշիմ Տաչին երեքշաբթի օրը Բրյուսելում կքննարկեն Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման հարցը:
Այս առումով Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ Բրյուսելում տեղի ունենալիք երկխոսությունը վճռորոշ կլինի, և ինքը անհամբերությամբ է դրան սպասում՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Իրենց հերթին Կոսովոյի սերբերը, մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ, ինչպես նաև սերբական ուղղափառ եկեղեցին փորձում են իշխանություններին ստիպել հրաժարվել 15 կետից բաղկացած այդ համաձայնագրից:
Սերբիայի իշխանությունները, սակայն, պնդում են, որ համաձայնագրի իրականացումը իրենց առջև կբացի Եվրամիության դռները:








































