«Հրապարակ»-ը գրում է. «Թեև վարչապետն ամիսներ առաջ հայտարարում էր, թե իրենց համար առաջնային է լինելու սննդի անվտանգությանը հետևելը, սակայն պարզվում է` այս թեման հրատապ է դառնում միայն քաղաքական վայրիվերումների ժամանակ: Սննդի անվտանգության տեսչության պետը՝ ԿԸՀ նախկին անդամ Աբրամ Բախչագուլյանը, աշխատում է միայն վերևներից իջած պատվերների և հանկարծահաս դեպքերի պարագայում: Երեկ փորձեցինք Բախչագուլյանից պարզել, թե տեսչությունը սննդի շուկայում այս պահին ինչ ստուգումներ է իրականացնում, և, ընդհանրապես, ինչ նոր բացահայտումներ կան, սակայն այդ հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ, քանի որ այստեղ մամլո խոսնակ չկա: Իսկ Աբրամ Բախչագուլյանը չի պատասխանում անծանոթ զանգերին: Ընդունարանից էլ հայտնեցին, թե տեղում չէ ու չի էլ վերադառնալու: Սակայն ուշագրավ է նաև խոսնակ չունենալու հանգամանքը:
Ըստ տեսչությունում շրջանառվող լուրերի, Աբրամ Բախչագուլյանն ու նրա այլևս նախկին մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը տեղեկատվական արտահոսքի կապակցությամբ, մեղմ ասած, բախվել են: Այսինքն, վարչապետի հրահանգած թափանցիկ աշխատաոճը Բախչագուլյանի սրտով չէ, և վերջինս պարբերաբար վրդովվել է, որ ընդդիմադիր մամուլի պես է աշխատում իր լրատվականը: Ահա այս բախումն էլ հանգուցալուծվել է խոսնակի ազատման դիմումով: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Պիպոյանն այլևս գործունեություն է ծավալելու ՀԿ ոլորտում՝ նա սպառողների պաշտպանության գծով ՀԿ է բացելու, ինչը նշանակում է, որ ոլորտից տեղյակ մարդը նախկին գործառույթները տեղափոխելու է այստեղ: Ստացվում է՝ սննդի շուկայում տիրող անմխիթար վիճակի մասին ավելի ազատ ինֆորմացիոն արտահոսք է լինելու:
Այս լուրերի իսկությունը փորձեցինք ճշտել: Բախչագուլյանն անհասանելի էր, իսկ Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե աշխատանքային էթիկայից ելնելով՝ չի մեկնաբանում իր ազատվելը: Սակայն հաստատեց, որ սպառողի պաշտպանության նոր ՀԿ-ում է աշխատելու: Թե ինչ է անելու, որը չի հաջողվել տեսչությունում անել, դարձյալ չմանրամասնեց»:








































