Թռչնագրիպի H7N9 վիրուսը, որից Չինաստանում վարակվել է 130 մարդ և մահացել 35-ը, երկրի տնտեսությանն արժեցել է ավելի քան 40 միլիարդ յուան (6.5 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Առաջին հերթին տուժել են թռչնամիս արտադրողները, քանի որ երկրում դրա սպառումը կտրուկ նվազել է: Թռչնաբուծության վրա մասնագիտացած ֆերմերային տնտեսությունների կորուստները մարտի վերջին կազմել են օրական միջինը մոտ 1 միլիարդ դոլար:
Ապրիլի վերջին հայտնի էր դարձել նաև, որ վիրուսի հետևանքով զգալիորեն ընկել է նաև KFC ցանցը ղեկավարող Yum! Brands-ի շահույթը: Չինաստանում ընկերության ռեստորաններում վաճառքը կրճատվել է 20 տոկոսով:
Ապրիլի վերջին Չինաստանի իշխանությունները 303 միլիոն յուան հատկացրին թռչնագրիպի դեմ պայքարին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ երկիրը կարող է ինքնուրույն դիմակայել վիրուսի տարածմանը: