ԱՄՆ-ում նախընտրական արշավի հանրապետական առաջնորդներ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ու սենատոր Մարկո Ռուբիոն Հյուսթոնում հեռուստադեբատների ընթացքում բղավել են միմյանց վրա: Հեռուստադեբատները հեռարձակվում էին CNN հեռուստաալիքի կողմից:
Ռուբիոն շինարարական մագնատին՝ Թրամփին, մեղադրել է այն բանում, որ նա անօրինական ներգաղթյալներին աշխատանքի է վարձել: «Ես միակն եմ այս բեմում, ով առհասարակ մարդկանց աշխատանքի է ընդունել»,- ի պատասխան ասել է Թրամփը:
Մի քանի րոպե անց թեկնածուները սկսել են բարձր տոնով խոսել, ապա բղավել են՝ միմյանց ընդհատելով: «Դու ոչինչ չես հասկանում բիզնեսում»,- հայտարարել է Թրամփը սենատորին: «Ես հաստատ ոչինչ չեմ հասկանում այն բանից, թե ինչպես սնանկացնել 4 ընկերություն»,- պատասխանել է Ռուբիոն՝ ակնարկելով, որ նախկինում Թրամփի ընկերությունները հաճախ են սնանկացել:
Ռուբիոն Թրամփին նաև մեղադրել է այն բանում, որ նա «աշխատողների է վարձում Լեհաստանից»՝ ամերիկացիների փոխարեն, և որ միլիարդատերը հիմնել է Թրամփի «կեղծ» համալսարան, որի ուսանողներն այժմ դատի են տվել հիմնադրին: Մոտ երկու րոպե թեկնածուները միաժամանակ են խոսել: Նրանք զերծ են մնացել անձնական վիրավորանքներից, սակայն միմյանց մեղադրել են ստելու մեջ:








































