Լիբանանի Տրիպոլի քաղաքում Ջեբել Մոհսեն ալավիական թաղամասի և Բաբ Ալ-Թաբանա սունիական թաղամասի միջև բախումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 10 մարդ՝ հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Հակամարտող կողմերը կիրառել են նռնականետեր, գնդացիրներ:
Տրիպոլիում սունիների, որոնք աջակցում են Սիրիայի ընդդիմությանը, և սիրիական վարչակարգին աջակցող ալավիների միջև վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար տեղի են ունենում բախումներ:
Լիբանանում անվտանգության հետ կապված իրավիճակը սրվել է շաբաթ լույս կիրակի գիշերը: Երկրի պաղեստինցի փախստականների խոշորագույն ճամբարում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների և «Ջունուդ Ալ-Շամ» խմբավորման իսլամիստների միջև բախումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել շուրջ 10 մարդ:
Լիբանանի քաղաքական շրջանակներում մտավախություն կա, որ երկրի տարածքում գտնվող պաղեստինյան ճամբարներում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել 1975թ. իրադարձությունների կրկնությանը, երբ պաղեստինցիները դարձան Լիբանանում քաղաքացիական պատերազմ հրահրող հիմնական ուժերից մեկը: Պատերազմը տևեց շուրջ 15 տարի:







































