Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ ձևով, միջազգային բոլոր պարտավորությունների պահպանմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ Ռուսաստանին Ադրբեջանի ներկայացրած բողոքի նոտան.
«Մենք արդեն իսկ համապատասխան տեղեկությունը դիվանագիտական խողովակներով հասցրել ենք ադրբեջանական կողմին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Հուսով եմ, որ դա համընդհանուր հայտնի փաստ է։ Ավելին, մենք համագործակցում ենք՝ չթաքցնլով դա, համագործակցում են թափանցիկ, բաց ձևով, ինչն ըմբռնմամբ կընդունվի Ադրբեջանում։ Ընդ որում՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին սպառազինության ամեն տիպի մատակարարումները մեր կողմից իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մանրակրկիտ հաշվի առնելու դեպքում»։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը զենքի մատակարարումների հարցում անփոփոխ պահպանում է ստանձնած միջազգային պարտավորությունները, գործում է արտահանման վերահսկման ազգային համակարգի կոշտ շրջանակներում։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին ռազմական տեխնիկա վաճառելու հետ և երաշխիքներ էր պահանջել, որ այդ տեխնիկան չի տեղակայվի ԼՂ-ում կամ հարակից շրջաններում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Բողոքի նոտայից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։








































