Իսրայելը «գործում է և կշարունակի գործել» հանուն նրա, որպեսզի Սիրիայից ժամանակակից սպառազինությունը չհայտնվի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գրոհայինների մոտ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա հայտարարությունը հնչել է Սիրիայի տարածքին հասցված ավիահարվածներից երկու շաբաթ անց: Ավիահարվածների պատասխանատվությունը Դամասկոսը դրել է Իսրայելի վրա՝ հրեական պետությանը մեղադրելով զինված ընդդիմությանն աջակցելու մեջ, և սպառնացել պատասխան գործողություններով:
Կառավարության ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունը գործում է կոշտ, պատասխանատու և հավասարակշռված՝ երաշխավորելու համար Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը:
Չճանաչելով և չհերքելով մասնակցությունը Սիրիայի տարածքին հասցված ռմբակոծություններին՝ Իսրայելի առաջնորդները բացեիբաց հայտարարել են ուժի կիրառման պատրաստակամության մասին, որպեսզի արմատական խմբավորումները քաղաքացիական պատերազմի քաոսում ձեռք չբերեն մարտական թունավոր նյութեր և սիրիական բանակի զինանոցների հրթիռային համակարգերը:










































