Երկարաժամկետ համագործակցության մասին Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի հայտարարությունները, որ դրվեցին նրանց հերթական «ամուսնության» հիմքում, ունեն բացառապես քարոզչական նշանակություն: Դա աներկբա է: Հայաստանի իշխանությունը ներկայումս ունակ չէ որևէ ներքին սուբյեկտի հետ երկարատև համագործակցության, այն պարզ պատճառով, որ չունի դրա ռեսուրսները:
Երկարատև համագործակցության համար անհրաժեշտ են մի քանի բաղադրիչներ՝ տնտեսական, հասարակական, անվտանգային: Որևէ ներքին սուբյեկտի հետ երկարատև համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու համար որևէ իշխանություն պետք է տիրապետի այդ երեք բաղադրիչներին, եթե ոչ 100, ապա գոնե 50-ից զգալի բարձր տոկոսով: Հայաստանի իշխանությունը ներկայումս այդ ռեսուրսներից որևէ մեկին չի տիրապետում անգամ 50 տոկոսով: Իշխանությունը չունի հանրային որևէ աստիճանի լեգիտիմություն, և դա ընդունում են նույնիսկ իշխանության հետ «ամուսնացող» Դաշնակցության լիդերները: Այստեղ իրավիճակը, տոկոսային հարաբերակցությունը քննարկելն անգամ ավելորդ է:
Տնտեսական ռեսուրսների մասով Հայաստանի իշխանությունը ներկայումս լիովին կախված է արտաքին վարկային միջոցներից: Թերևս չկա մի շաբաթ, երբ Հայաստանի իշխանությունը չկնքի միջազգային ֆինանսական որևէ կառույցի հետ վարկային նոր համաձայնագիր, ընդ որում՝ ամեն անգամ նվազագույնը տասնյակ միլիոնների: Հայաստանի մակրոտնտեսական կայունությունն ապահովվում է այդ վարկային միջոցների շնորհիվ, քանի որ Հայաստանի գլխավոր ֆինանսատնտեսական դոնորը՝ Ռուսաստանը, գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ և ապրում է բավական ծանր օրեր:
Դրա հետևանքով չկա ռուսական ներդրումային ներարկումների հույս, նվազել են նաև տրանսֆերտները: Ավելին՝ ոչ միայն դրանք են նվազել, այլ նաև առաջացել է գործազուրկների ներհոսքի ռիսկ, քանի որ մեր շատ հայրենակիցներ Ռուսաստանում կարող են կորցնել իրենց աշխատանքը: Այդ իրավիճակում, Հայաստանի կայունությունն ապահովվում է արևմտյան տերությունների և ֆինանսական միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Այդ իրավիճակը բերել է նրան, որ Հայաստանի իշխանության ներսում առաջացել է լեգիտիմության ներքին ճգնաժամ:
Ներիշխանական խմբերը չեն վստահում միմյանց, սրվել է մրցակցությունը միմյանց միջև, քանի որ իրավիճակի թելերը հայտնվել են գերազանցապես արտաքին կենտրոններում: Այդպիսով, Հայաստանի իշխանությունը թե՛ տնտեսական, թե՛ նաև լեգիտիմության ռեսուրսների իմաստով առավելապես կախված է արտաքին կենտրոններից: Իրավիճակն առավել քան բարդ է անվտանգության ոլորտում, որտեղ Հայաստանը գործնականում հայտնվել է ուժային տարբեր կենտրոնների խաղի կենտրոնում, սակայն դրանից առաջ էլ ըստ էության զրկվել է սուբյեկտությունից և դարձել ռուսական քաղաքականության կցորդ: Միաժամանակ, դրան գումարվում է տնտեսական և լեգիտիմության առումներով ինքնաբավության պակասի կրիտիկական աստիճանը, ինչի արդյունքում անվտանգության ոլորտում Հայաստանը ևս մեծապես կախված է դառնում ուժային կենտրոնների հարաբերություններից:
Այս իրողությունների պայմաններում ինչպե՞ս կարող է իշխանությունը խոսել որևէ մեկի հետ հեռանկարային համագործակցության մասին, երբ իրադարձությունների զարգացման վրա ազդեցությունը լավագույն դեպքում անգամ չի հասնում 50 տոկոսի: Հայաստանի իշխանությունը ներկայումս ունակ չէ որևէ երկարաժամկետ պլանավորման և գործում է «օրվա» հրամայականներով: Եվ այդ իրողությունը քաջ գիտակցում են թե՛ իշխանության տարբեր խմբերը, թե՛ նաև նրանց հետ համաձայնության եկող Դաշնակցության լիդերները: Գիտակցելով հանդերձ՝ համաձայնության ստորագրումը պարզորոշ կերպով վկայում է, որ կողմերը միմյանցից ունեն կարճաժամկետ ակնկալիքներ, կապված 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:
Դա չի նշանակում իհարկե, որ այդ ընտրություններից հետո համագործակցությունը կպայթի փուչիկի պես: Ամեն ինչ, իհարկե, կախված կլինի իրադարձությունների զարգացումից, պարզապես իրադարձությունների զարգացումը կախված չէ պայմանավորված որևէ կողմից: Չի բացառվում նույնիսկ, որ կողմերը ունեն ներքին մեծ, ի սրտե ցանկություն համագործակցել շատ երկար, ցմահ համագործակցել: Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունը: Ցանկություն գուցե կա, չկա հնարավորություն: Իսկ եթե չկա հնարավորություն, ապա կողմերը կա՛մ հասարակությանն են խաբում երկարաժամկետ համագործակցության մասին հայտարարություններով, կա՛մ զբաղված են ինքնախաբեությամբ:
Առայժմ, իհարկե, գերիշխում են տոնական տրամադրությունները, երևի թե ու ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բուռն կերպով կնշեն հերթական համատեղությունը, ու երևի թե ամենապահանջված կենացը կլինի ցանկությունների և հնարավորությունների կենացը, որն այդքան հուզել էր կովկասյան ավանդույթները գրառող և թռչնակին խղճացող Շուրիկին:









































