Սիրիայի կառավարական զորքերը քիմիական զենք երբևիցե չեն կիրառել, իսկ, այսպես ասած, «ապացույցները», որոնց մասին խոսում են Արևմուտքում, համոզիչ չեն: Այս մասին հաղորդել է պաշտոնական Դամասկոսը:
Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որում անհայտ ուղղաթիռը վերևից տարա է նետում. այն իր հետևից թողնում է ծխի հետք: Պարզ չէ՝ արդյոք դա քիմիական զե՞նք է, թե՞ ոչ: Իսկ եթե՝ այո, ապա հայտնի չէ, թե ով է այն նետել:
Դամասկոսը բազմաթիվ ապացույցներ ունի, որ քիմիական զենք կիրառել են գրոհայինները: Այս մասին «Ռոսիա 24 » հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին:
«Բացի տարօրինակ դրվագներից, որտեղ մենք ինչ-որ տուփեր ենք տեսնում, ոչ մի ապացույց չկա, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել Սարակիբ քաղաքում: Ասում են՝ այնտեղ, իբր, մեկ կին է զոհվել, սակայն ուղղաթիռից թունավոր նյութերով լի տարաներ նետելու դեպքում կլինեին հազարավոր զոհեր:
Ի տարբերություն գրոհայինների՝ կառավարական զորքերը քիմիական զենք չեն կիրառել: Հալեպի մերձակայքում բազմաթիվ զոհեր կային, և շատ տուժածներ մինչև այսօր հիվանդանոցում են: Մեր տվյալներով՝ Հալեպում կիրառված քիմիական զենքը բերել են Թուրքիայից: Մենք ապացույցներ ունենք, որ «Ալ-Նուսրա ճակատ»-ի ահաբեկիչները քիմիական զենք ստացել են Թուրքիայից: Թուրքիայի վարչապետ Էրդողանն այժմ ամեն ինչ անում է՝ այդ թեման հանրության ուշադրությունից շեղելու համար»,- ասել է նախարարը:









































