Հրապարակվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքս 2016» զեկույցը, որը թույլ է տալիս գնահատել ՓՄՁ ոլորտի զարգացվածության և դրան ուղղված պետական աջակցության մակարդակը: Զեկույցը հրապարակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Վերապատրաստման եվրոպական հիմնադրամի կողմից իրականացված համատեղ հետազոտության հիման վրա:
ԵՄ-ի համար Հայաստանի Հանրապետության առաջնայնություններից մեկը ՓՄՁ-ների զարգացումն է: Սա Հայաստանի զարգացման հիմնական ուղիներից է: Հայաստանի համար հիմա բարդ ժամանակներ են, և ՓՄՁ-ների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը դրանց զարգացման գործում: ՓՄՁ-ների զարգացումը ցույց կտա, թե արդյոք կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում և արդյոք ճիշտ ուղու վրա է: Մեկ այլ խնդիր է, թե արդյոք վարած քաղաքականության արագությունը բավարարում է քաղաքացիներին և գործարարներին:
Դեռևս մեծ աշխատանք կա անելու: Հայաստանը պետք է գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար և դառնա ներդրումների համար ապահով երկիր: Շատ ենք լսում, որ Հայաստանում անհնար է պայքարել մենաշնորհների դեմ: Չեմ կարծում, որ այս պայմաններում Հայաստանը գրավիչ կլինի: Պետք է լինեն հավասար պայմաններ բոլորի համար թե՛ ֆինանսների հասանելիության և թե՛ իրավական առումով: ՓՄՁ-ները պետք է վստահ լինեն, որ իրենց համար զարգացման հնարավորություն կա:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմման մատնանշեց ՓՄՁ-ների զարգացվածության համաթվի կարևորությունը: Դրա շնորհիվ հնարավոր է հստակ պատկերացում կազմել վարվող քաղաքականության արդյունավետության մասին:
Այս ինդեքսը օգնում է առաջընթացը հասկանալ և նպաստել վարվող քաղաքականության արդյունավետությանը: Ինչպես նաև վերհանել ոլորտի առաջնայնությունները: Սա նաև հնարավորություն է ստեղծում համեմատվել այլ երկրների հետ՝ թե՛ տարածաշրջանի և թե՛ եվրոպական երկրների:
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունը գործնականում արձանագրել է ցուցանիշների բարելավում նախորդ զեկույցի համեմատ, որը հրապարակվել էր 2012 թվականին:











































