«Ինտեր»-ի, «Միլան»-ի, «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ բրազիլացի Ռոնալդոն հարցազրույց է անցկացրել իտալական «La Gazzetta dello Sport»-ի հետ՝ խոսելով Միլան կատարած այցի, 2007 թվականին «Ինտեր» հնարավոր վերադարձի ու «Ռեալ»-ից հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ 2002 թվականին բրազիլացու տեղափոխությունը «Ռեալ» սկանդալային դարձավ «Ինտեր»-ի երկրպագուների համար, իսկ հետո՝ 2007 թվականին, Ռոնալդոն վերադարձավ Միլան, սակայն ոչ թե «Ինտեր», այլ հենց «Միլան», որը հանդիսանում է «ներաձուրիներ»-ի համար մեկ հակառակորդը:
«Ես ոչինչ չէի ակնկալում, ինձ հարց չէի տվել՝ նորից մարզադաշտ այցելելիս ի՞նչ կլինի, ինչպիսի՞ վերաբերմունքի կարժանանամ երկրպագուների կողմից: Ես ուղղակի ցանկանում էի նորից գտնվել «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում: Իմ հասցեին վատ խոսքեր էին հնչեցնում փոքր թվով մարդիկ: Ամեն դեպքում չեմ կարող նրանց վատ վերաբերմունք ցույց տալ, թեև նրանք ոչինչ չգիտեն այն մասին, թե իրականում ինչ է եղել, սակայն ցույց են տալիս, թե տեղյակ են ամենից:
Ես 2007 թվականին ցանկանում էի վերադառնալ «Ինտեր» և այդ մասին հասկացրի թիմի նախկին մարզական տնօրեն Բրանկային: Նա ինձ ասաց, որ պետք է խոսի Մորատիի հետ, և մեկ շաբաթից ավելի սպասում էի պատասխանին: Այդ ժամանակ «Ինտեր»-ը պետք է որոշեր՝ հեռանո՞ւմ է թիմից Ադրիանոն, թե՞ ոչ: Արդյունքում՝ նրանք որոշեցին, որ իմ հայրենակիցը պետք է մնա թիմում, իսկ ինձ վերադառնալու հնարավորություն չընձեռեցին:
«Ռեալ»-ում մնալ այլևս չէի կարող, իսկ Միլանն իմ սրտում էր ու հավետ կմնա այնտեղ: Ինձ շատ է դուր գալիս այստեղ, դուր է գալիս ամեն ինչ: «Միլան»-ն այդ ժամանակ մեծ հետաքրքրություն ուներ իմ ծառայությունների հանդեպ, իսկ «Ինտեր»-ից բացասական պատասխանն ինձ ցավ պատճառեց: Յուրաքանչյուր ոք այսպիսի դեպքերում իրեն ճիշտ է համարում, և ես հասկանում եմ, թե ինչու Մասիմո Մորատին նման որոշում կայացրեց: Հարկավոր է հասկանալ ու կարողանալ ներել»,- «La Gazzetta dello Sport»-ը փոխանցում է Ռոնալդոյի խոսքը:








































