Արդեն համարյա մեկ շաբաթ է, ինչ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանց հիմնական պահանջն այն է, որ պետությունն իրենց անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ցուցաբերի:
Մի մասը դժգոհում է կենսաթոշակի շատ ցածր լինելուց, ոմանք էլ չունեն ազատամարտիկի վկայական՝ ինչ-ինչ պատճառներով այն ժամանակ չեն ստացել և հիմա կանգնած են խնդրի առաջ:
«Առաջին լրատվական»-ի խնդրանքով «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանն անդրադարձավ այս խնդրին և ասաց, որ ողջունում է իրենց կազմակերպած ակցիաները և կարծում է, որ պետությունը պարտավոր էր շատ վաղուց լուրջ ուշադրություն դարձնել իրենց սոցիալական խնդիրներին։ «Մեր հասարակության մեջ աղքատների քանակը շատ մեծ է՝ միգուցե 60 տոկոսից ավելի, բայց ազատամարտիկներն իրավունք չունեն գտնվել սոցիալական այնպիսի իրավիճակում, որում հիմա գտնվում են: Կարծում եմ պետք է ակցիան շարունակական լինի՝ մինչև հասնեն լուրջ հաջողությունների. այս իշխանավորները պետք է մտածեն ազատամարտիկների մասին, չէ՞ որ նրանց սոցիալական վիճակը հայրենական դաստիարակության էլեմենտներ է իր մեջ պարունակում։ Եվ ամենագլխավորներից մեկը՝ մեր պետությունն ունի դեռևս չավարտված պատերազմ, մենք պատերազմի մեջ ենք գտնվում, եթե այսօր ազատամարտիկներին պետությունն այդ իրավիճակի մեջ է դնում, ապա ինչպե՞ս կարող ենք այսուհետ մտածել երկրի անվտանգության մասին»,- ասաց Ս. Այվազյանը:
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ ազատամարտիկներից ոմանք, այդ թվում՝ «Տիգրան Մեծ» գնդից մի քանիսը, չունեն վկայական և այդ պատճառով խնդրի առաջ են կանգնել, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Ես այդ մասին տեղեկություն չունեմ, եթե «Տիգրան Մեծ» գնդից են, մենք ռազմական խորհրդում կուսումնասիրենք, և եթե իրականում մասնակցել են պատերազմական գործողություններին, ապա անպայման կաջակցենք նրանց, որպեսզի իրենք ստանան այդ վկայականները»:
Մեր զրուցակիցը նշեց նաև արծարծվող թեմայի շուրջ մեկ այլ մտահոգություն. «Վերջերս մամուլում սարսափելի թվերի հանդիպեցի, 30.000-ից ավել հաշմանդամներ կան։ Լրջագույն հաշվառումներ պետք է անցկացվեն, թե այդ թվերն ինչպես են այդպես աճել: Ենթադրենք վաղը այս իշխանությունները փոխվում են, և գալիս է շատ ավելի նորմալ իշխանություն, որը մտածելու է մարդկանց, երկրի անվտանգության մասին, ապա այդպիսի ժառանգություն ստանա՞լ՝ ինչ-ինչ պատճառներով մարդիկ, որոնք ընդհանրապես չեն մասնակցել Արցախյան պատերազմին և հայտնվել են այդ ցուցակներում… դա պետության համար լրջագույն խնդիր կլինի»:
Մեր այն դիտարկմանը, թե մինչ այս տարբեր խնդիրների շուրջ բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել և գրեթե բոլորն էլ անպատասխան են մնացել, Սմբատ Այվազյանն պատասխանեց. «Այս պետությունն, ընդհանրապես այս իշխանությունները լուծում են նրանց հարցերը, ովքեր ուժի դիրքերից են խոսում. եթե ազատամարտիկները խոսեն ուժի դիրքերից, նրանց խնդիրներն անպայման կլուծվեն»:









































